‘
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպպության պարագլուխ, 2001 թ. սպանված Ուսամա բեն Լադենը ծրագրել էր պայթյուն իրականացնել մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանատներում, վկայում են ահաբեկչի՝ ամերիկյան հետախուզության կողմից գաղտնազերծված նամակները:
ԱՄՆ հետախուզությունը չորեքշաբթի տարածել է հազար փաստաթղթերից առնվազն հարյուրը, որոնք հայտնաբերվել էին բեն Լադենի սպանությունից հետո: Հիշեցնենք, որ 2011 թ. մայիսին բեն Լադենին ոչնչացրին ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի մարտիկները՝ Պակիստանի Աբոտաբադ բնակավայրում իրականացված հատուկ գործողության ընթացքում:
«Մենք մեր մի քանի եղբայրների ուղարկել ենք Բրիտանիա, Ռուսաստան և Եվրոպա, որպեսզի նրանք պատրաստվեն և մինչև տարեվերջ պատրաստ լինեն աշխատանքին»,- գրել է բեն Լադենը «Հաշվետվություն՝ արտասահմանում գործունեության մասին» վերնագրված նամակում: «Աշխատանք» ասելով՝ նա նկատի ունի ահաբեկչական գործողության իրականացումը:
Բեն Լադենը նշում է, որ ահաբեկիչների թիրախը պետք է դառնան գազատարը կամ Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատները՝ «մի քանի թիրախ՝ կախված նրանից, թե որը հարմար կհամարեն եղբայրները»:
Բեն Լադենը նաև նամակում խոստովանում է, որ «Ալ-Քաիդան» չի հաջողել այդ նպատակն իրագործելու հարցում՝ մի քանի պատճառներով, որոնցից առաջինը նա համարել է անհաջողակությունը:
Ավելի վաղ բեն Լադենը ստանձնել է բազմաթիվ ահաբեկչությունների, այդ թվում՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը, որոնց ժամանակ զոհվեց 3000 մարդ:
Ընդհանուր առմամբ՝ գաղտնազերծվել է 103 փաստաթուղթ: Փոխանցում է ТАСС-ը:
‘