‘Կոզեռնի հողամասը նվիրեցին նախկին վարչապետին. Նախապատրաստվեն կենտրոնի բնակիչները’

1201

Այսօր կայացած կառավարության հերթական նիստում գործադիրը որոշել է հողամաս նվիրել «Երևան, իմ սեր» հիմնադրամին։ Ըստ որոշման նախագծի՝ այդ հողամասը գտնվում է Կոզեռնի փողոցի 11 հասցեում, ունի 298 քմ մակերես, իսկ շուկայական արժեքը կազմում է 155 մլն դրամ (մոտ 380 հազար ԱՄՆ դոլար)։ Որոշման տեղեկանք-հիմնավորումում գրված է, որ այդ հողամասում կառուցվելիք շենքը  հանդիսանալու է «Հանրային կենտրոն» և անվճար հատկացվելու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավորների և համայնքի հոգևոր կարիքների  համար։

Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամի տերը որոշ շրջանակներում Թենզոր անունով հայտնի ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, որը վերջերս բավական հաճախ Է Լոնդոնից այցելում Հայաստան, ավելին, նույնիսկ փորձում Է այստեղ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ընդլայնել իր բիզնեսը՝ երբեմն հայ գործարարների հաշվին։

Նշենք նաև, որ երեկ մեր խմբագրությունը նամակ է ստացել Երևանի Կոզեռն թաղամասի մի խումբ բնակիչներից, որտեղ գրված էր, որ. « Մենք՝ Կոզեռն թաղամասի բնակիչներս, չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը և, վաղը դրա ընդունման պարագայում, դրսևորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը, ոտքի ենք ելնելու՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականը»:

Հավելենք նաև, որ ըստ արդեն հիշատակված տեղեկանք-հիմնավորման՝  «Երևան իմ սեր» հիմնադրամի գործունեությունը չի սահմանափակվելու նշված նախագծով, այլ կրելու է շարունակական բնույթ և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ երկրորդ բարեգործական ծրագրի իրականացման վերաբերյալ։

Նախորդ հոդվածը‘Daily Star. «Մանչեստեր Սիթին» և «Ռեալ Մադրիդը» պատրաստում են «ձմեռային պայթուն»’
Հաջորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Տիգրանը ազատության մեջ է, որովհետև ազատությունը բանտարկել հնարավոր չէ’