‘Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ-ում’

624

ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012 թվականի մարտական և զորահավաքային պատրաստության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2013 թվականի ուսումնական տարվա խնդիրները, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում անդրադարձել է  անցնող տարում սահմանագծի շարունակական ամրապնդման, մարտական հերթապահության կատարելագործմանն ուղղված քայլերին, 2012 թվականի գարնանային և աշնանային զորակոչերի ընթացքում գրանցած առաջընթացին: Անցնող տարվա կարևոր միջոցառումների թվում առանձնացվել են ՀՀ տարածքում անցկացված երեք խոշոր զորավարժությունները` ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հուլիս ամսին անցկացված ռազմաքաղաքական փուլը, սեպտեմբեր ամսին անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունը, հոկտեմբեր ամսին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների` զինված ուժերի կիրառման փուլը և դրա շրջանակներում անցկացված մարտավարական զորավարժությունները: Հրամանատարաշտաբային զորավարժության ռազմաքաղաքական փուլը հատկապես կարևորվել է համաժողովրդական բանակ գաղափարի ձևավորման առումով: Այդ զորավարժությանը մասնակցել են պետական բոլոր կառույցները և գերատեսչությունները: Նախարարը կարևորել է նաև զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված մեթոդական պարապմունքները, հավաքները: Բոլոր այս միջոցառումները անցկացվել են բարձր մակարդակով և մեծ դեր են կատարել գործնական ունակությունների ու հմտությունների կատարելագործման առումով:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, մի շարք վարչությունների պետեր: 
Տարվա ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն զորամասերին Սեյրան Օհանյանը կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրել է պատվոդրոշներով: Մի շարք զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են  գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:

Նախորդ հոդվածը‘Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է մեկնել Մոսկվա’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է բռնաբարության և ծեծի ենթարկված հնդկուհին’