Կոլեկտիվ ինքնասպանության սազանդարները. ԱլիքՄեդիա

438

Տարին նոր է սկսվել, իսկ մենք էլի զոհեր ունենք սահմանին։ Կյանքը գոյություն քարշ տալ դարձնող ցավին նոր հայացքներ են ավելանում՝ լուսավոր ու կյանքով լի հայացքներ։ Տղաներ, որ կյանք պիտի երգեին, բայց մահախոսականի զուգորդմամբ են պատկերվում։

Ու նորից դաշտ են նետվում թեզեր ու պնդումներ, որ մտքի մահախոսական են հիշեցնում․ «Արցախը տվեցիք, հանգի՞ստ եք ապրում», «Դե խոսեք խաղաղությունից», «Էս էլ ձեր խաղաղությունը»։

Այս թեզերի հիմքում, իհարկե, քաղաքական շահարկումներ են ու քաղաքական նպատակներ։ Կարելի է, իհարկե, նույն հարթությունում էլ պատասխանել դրանց։

Մասնավորապես, «Արցախը տանք, լավ ապրենք» կլիշեով բնորոշվում են ուժերն ու մարդիկ, որ կողմ էին արտահայտվում հարցի՝ փոխզիջումներով լուծման տարբերակին։ Ու այս «համառոտագրի» մեջ այնքան կեղծ բովանդակություն կա, որքան հնարավոր չէ անգամ երեւակայել։

Փոխզիջումներով հարցը լուծել չէր նշանակում Արցախը հանձնել, նշանակում էր փորձ անել լուծելու կոնֆլիկտը։ «Հողերը ուզում են տան» ասողները չէին տարբերակում Արցախն ու նրա շուրջը եղած տարածքները, բայց այսօր կարծես դեօկուպացիայի մասին խոսելիս Շուշին ու Հադրութն են միայն հիշատակում։ Նրանց այս մոտեցումները տրամաբանությունից զուրկ լինելու բերումով նաեւ պատասխանատավության ինդուլգենցիա ունեն եւ «այդ ինչպե՞ս», «այդ ինչո՞ւ» հարցերի հետ չառերեսվելու շռայլություն։

Երկրորդ՝ հարցը բանակցություններով լուծելու, առնվազն դա հնարավոր համարելու, դրան համաձայն լինելու դեպքում նշանակում էր պահանջել երաշխիքներ, որ Արցախի շուրջը ապառազմականացված գոտի է լինելու (այս դրույթն ամրագրված էր կարգավորման պլաններում), այլ կերպ ասած՝ ադրբեջանցի զինվորն ու զինվորականը չէին լինելու ո՛չ Քարվաճառում, ո՛չ Բերձորում, ո՛չ էլ Գորիս-Կապան ճանապարհին։ Սա նշանակում է՝ ամեն անգամ, երբ մենք, մեր բանակը, մեր զինվորը, մեր քաղաքացին հոգեբանական ու ֆիզիկական բռնության են ենթարկվում հակառակորդի կողմից, դա ոչ թե այն պատճառով է, որ հարցը լուծել ենք, այլ այն պատճառով, որ ՉԵնՔ լուծել։

Փոխզիջումային տարբերակին դեմ արտահայտվելով՝ մենք հնարավորություն ենք տվել, որ մեզ պարտադրեն այս նվաստացնող իրականությունը։

Այս թյուրընկալումները ապակառուցելը որեւէ քաղաքական ուժի ու քաղաքական գործչի մոտեցումների արդարացման համար չեն կարեւոր․ սրանք ճշմարտության դեմ հանցանք գործող պնդումներ են, որով կերակրում են մեր հասարակությանը՝ այդպես էլ թույլ չտալով իրականությանն ուղիղ հայացքով նայել։

Մենք տարիներ շարունակ ապրում էինք մի իրականության մեջ, որտեղ ճշմարտությունն ասելը ապազգային գաղափար էր համարվում, իսկ վտանգի մասին բարձրաձայնելը՝ թուլության նշան։ Եթե չվերանայենք այս մոտեցումները, շարունակելու ենք նույն աղետալի ընթացքը։

Սահմանին զոհերի անունների ցանկը չի ավարտվում ոչ միայն որովհետեւ հակառակորդը արյունարբու իր կերպարից կարծես հաճույք է ստանում, այլ նաեւ այն պատճառով, որ մենք մեր ճակատագիրը տնօրինելու ղեկը հանձնել ենք մարդկանց, որոնք մեկ անգամ արդեն ապացուցել են, որ այդ հակառակորդի վարքն ու մեզ շրջապատող աշխարհաքաղաքական միջավայրը գնահատելիս ու խնդիրների լուծումներ փնտրելիս վարվում են քաղցկեղը սոդայով բուժող հեքիմի տրամաբանությամբ։ Հեքիմի, որ իր արարքների հետևանքով անդամահատված վերջույթ ստացած մարդուն համոզում է, թե սոդան էր վատը պարզապես։

Աջ ու ձախից նորից պնդում են, թե լավ զինվենք ու ավելի շատ զոհվենք, ու հարցերը կլուծվեն։ Դժվար է այս մոտեցման հեղինակներին այլ անուն տալ, քան «կոլեկտիվ ինքնասպանության սազանդարներ»։ Զինվել, իհարկե, պետք է, բայց ոչ միայն զենքով, այլեւ ու նախեւառաջ մտածելու, վերլուծելու ու տրամաբանական եզրահանգումներ անելու կարողությամբ։ Հակառակ դեպքում նմանվում ենք ածխաթթու գազով լի սենյակում փակված մարդու, որ դուռ ու պատուհան բացելու, գազի արտահոսքը փակելու փոխարեն աղոթում է իր առողջ թոքերի համար։

Կարծում եմ՝ միակ բանը, որ պիտի ակնկալենք ու պահանջենք իշխանություններից՝ վերանայել «սոդայաբուժության» աղետալի մեթոդը ու քաղաքական կամք ցուցաբերել՝ լուծելու հարցեր, որոնք կերաշխավորեն սահմանների անվտանգությունը։

Խաղաղության, առավել եւս արժանապատիվ խաղաղության մասին խոսելն անիրականանալի երազանք է թվում վաղուց, բայց առնվազն պետք է կանխել այն մոտեցումը, ըստ որի՝ թղթով համաձայնությունները ստորադասվում են արյամբ զիջածներին։

Այս հարցերին անդրադառնալը դժվար է ու ցավոտ, բայց երեւի պետք է, որովհետեւ կարիք չկա Ումբերտո Էկոն լինել՝ հասկանալու համար, որ «մտածող մարդու պարտավորությունն է բացառել պատերազմը»։

Աննա Դավթյան–Գեւորգյան

aliqmedia.am

Նախորդ հոդվածըՉավարտվող պարտություն. ԱլիքՄեդիա
Հաջորդ հոդվածըԿիմիխը՝ 2021թ. Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ