Կոլորադո նահանգի գերագույն դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին արգելել է մասնակցել Հանրապետական կուսակցությունից 2024 թ․ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուի հավակնորդների տեղական ընտրություններին։
Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է դատարանի էլեկտրոնային բազայում։
Այդ որոշոմը պարզաբանվում է Սահմանադրության 14-րդ լրացման երրորդ բաժնի պահանջով, ըստ որի՝ ոչ ոք չի կարող որևէ պաշտոն ստանձնել ԱՄՆ-ում կամ առանձին նահանգում, եթե նա, երդում տալով, «հետո մասնակցել է Միացյալ Նահանգների դեմ խռովությանը կամ ապստամբությանը, կամ օգնություն կամ աջակցություն է ցուցաբերել նրա թշնամիներին»։
Այդ փոփոխությունը հիմնական օրենքում կատարվել է 1861-1865 թթ․ Քաղաքացիական պատերազմից հետո, որպեսզի սահմանափակվեն այն քաղաքական գործիչների իրավունքները, ովքեր մասնակցել են զինված դիմակայությանը Հարավի ստրկատիրական նահանգների կողմից։
Մինչդեռ նոյեմբերին Կոլորադո նահանգի դատարանը որոշում էր կայացրել, որը Թրամփին թույլ էր տալիս «մնալ նահանգի առաջնային քվեաթերթիկներում»՝ չնայած Կապիտոլիումի գրոհի հարցում նրա ունեցած դերակատարությանը։