Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն երեքշաբթի Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովին կոչ է արել շտապ միջոցներ ձեռք առնել Պերուում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, որտեղ բողոքի ցույցերի ու բախումների հետևանքով զոհվել է 40-ից ավելի մարդ։
«Մարդու իրավունքների միջամերիկյան համակարգը պետք է անհապաղ գործի։ Ապահովող միջոցառումներն անհրաժեշտ են դառնում»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Պետրոն Պերուում տեղի ունեցողն անվանել է «հաշվեհարդար ժողովրդի նկատմամբ»։ «Անհրաժեշտ է քաղաքական և խաղաղ կարգավորում։ Հարկավոր է դադարեցնել սպանությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է նա։
Պերուում 2022 թ․ դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիյոյին իշխանությունից հեռացնելուց հետո զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին։ Այս պահի դրությամբ՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ։
Փոխանցում է tass.ru-ն։