Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է թմրաբարոն Օթոնիելին

785

Կոլումբիայում ձերբակալվել է ամենափնտրվող հանցագործը՝ երկրի խոշորագույն թմրակարտելի պարագլուխ Օթոնիելը։ Իշխանություններն այս իրադարձությունը համեմատում են Պաբլո Էսկոբարի ձերբակալության հետ։

 Դաիրո Անտոնիո Ուսուգա իսկական անունն ունեցող թմրաբարոնի ձերբակալությունը համատեղ իրականացրել են Կոլումբիայի ոստիկանությունը, բանակը և ՌՕՈւ-ն։ Գործողությանը մասնակցել է 500 զինվորական՝ 22 ուղղաթիռների աջակցությամբ։ Մի ոստիկան զոհվել է։

Վերջին տարիներին Կոլումբիայի իրավապահ մարմինները մի քանի անգամ փորձել են ձերբակալել 50-ամյա թմրաբարոնին, սակայն մինչև հիմա դա նրանց չէր հջողվել։

Ավելի վաղ կառավարությունը 800 հազար դոլար պարգև էր խոստացել նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ը նրան ստանալու համար առաջարկել էր 5 մլն դոլար։

Կոլումբիայի իշխանությունները կբավարարեն ամերիկյան օրդերը և առաջիկայում Ուսուգային կհանձնեն ԱՄՆ-ին, El Tiempo թերթին հաղորդել է երկրի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն։

Թմրաբարոնին արդեն տեղափոխել են Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի մերձակա ռազմաբազա, որտեղ նա կմնա մինչև նրան ԱՄՆ-ին արտահանձնելը։

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն Օթոնիելի ձերբակալման առթիվ հանդես է եկել տեսաուղերձով։

«Սա ուժգին հարված է այս դարում մեր երկրում թմրանյութերի ապօրինի շրջանառությանը։ Սա կարելի է համեմատել միայն 1990-ականների Պաբլո Էսկոբարի անկման հետ»,- ասել է նա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿրեմլի գավաթ․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից
Հաջորդ հոդվածըԷրդողանը որոշել է վտարել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու ևս յոթ երկրների դեսպաններին