‘Կոլումբիայում կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր մարտիկը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով’

2081

Կոլումբիայի կառավարությունում հակակոռուպցիոն ստորաբաժանման ղեկավար Լուիս Գուստավո Մորենա Ռիվերը ձերբակալվել է կաշառակերության և փողերի լվացման մեղադրանքով: Պաշտոնյային Կոլումբիայի մայրաքաղաքում ձերբակալել են ԱՄՆ-ի պահանջով:

Ինչպես հաղորդել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, Կոլումբիայի կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավարին ու նաև իրավաբան Լեոնարդ Գոմեսին մեղադրանք է ներկայացրել Մայամիի դաշնային դատարանը: Երկու պաշտոնյաներն էլ կարտահանձնվեն ԱՄՆ-ին:

Պաշտոնյան և իրավաբանը կաշառք են շորթել կոլումբիացի մի քաղաքական գործչից, որը եղել է իշխանությունների իրազեկիչը, ասվում է Մայամիի դատարանի ստացած հայտարարության մեջ: Պնդում է արվում, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկներն առաջարկել են քաղաքական գործչին տրամադրել վկաների՝ իր դեմ տրված ցուցմունքների պատճենը՝ 100 մլն կոլումբիական պեսոյի (34,5 հազար դոլար) դիմաց: Նրանք միասին մեկնել են Մայամի՝ քաղաքական գորչի հետ հանդիպելու: Բանակցությունները ձայնագրվել են:

Ձերբակալվածներից կամ նրանց ներկայացուցիչներից առայժմ որևէ հայտարարություն չի ստացվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հանգիստ չի տալիս «Ռեալ»-ին’
Հաջորդ հոդվածը‘«Սասնա Ծռերի» գործ. Քաշքշուկ դատարանում. Ա1+’