‘Կոլումբիան՝ նախագահական ընտրությունների շեմին’

966

Հունիսի 15-ին Կոլումբիայում նախատեսված նախագահական ընտրությունների նախօրեին երկրի գործող նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է երկրի երկրորդ խոշորագույն ապստամբական խմբավորման՝ «Ազգային ազատագրական բանակի» հետ բանակցություններ սկսելու մասին:

Կոլումբիայի կառավարությունն արդեն վաղուց բանակցություններ է վարում նաև «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (ԿՀԶՈՒ) շարժման հետ:

«Բազմակողմ խաղաղ բանակցություններն ինչպես ԿՀԶՈՒ-ի, այնպես էլ «Ազգային ազատագրական բանակի» ներկայացուցիչների հետ լավագույն երաշխիքն են թե՛ հակամարտության զոհերին, թե ամբողջ երկրին, որ հակամարտությունը ընդմիշտ կկարգավորվի»,- հայտարարել է Սանտոսը:

Կոլումբիայում իշխանությունների և գրոհայինների միջև հակամարտության զոհ է դարձել երկու հարյուր հազար մարդ, միլիոնավոր կոլումբիացիներ ստիպված են եղել փախչել երկրից:

Սանտոսի հայտարարությունը ընտրությունների նախօրեին կարող է ընտրողների քվեների նժարը թեքել նրա օգտին, քանի որ Սանտոսի մրցակիցը՝ «Դեմոկրատական կենտրոն» կուսակցության թեկնածու Օսկար Զուլուագան, հանդես է գալիս ընդդեմ բանակցությունների և հօգուտ հակամարտության ուժային լուծման, հակամարտություն, որը վերջին 50 տարիներին խաղաղության հասնելու ուղիների որոնումը դարձրել է ընտրություններում հաղթելու գլխավոր փաստարկը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. 3 մլն բնակչությամբ երկիրը տարվա վերջում ունեցել է չծախսված կես մլրդ դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը փորձում է սրել իրադրությունը շփման գծում, ինչը չափազանց վտանգավոր է, կարծում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը’