‘«Կոմերսանտի» թղթակիցը Հայաստանում ՄՄ-ին միանալու տնտեսական իմաստ չի գտել’

866

Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ Դենգի» պարբերականի թղթակիցը այցելել է Հայաստան, որտեղ «գտել է ոսկու շուկա, ծիրանի կոնյակ և շատ խելացի երեխաների, սակայն ՄՄ-ին  միանալու տնտեսական իմաստ չի գտել»: Ներկայացնում ենք հոդվածը կրճատումներով:

Հայաստանը, որ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, միանում է Մաքսային միությանը, պայմանագիրը ստորագրվելու է մոտ ժամանակներս: «Դենգիի»-ի թղթակից Ալեքսեյ Բոյարսկին այդ փոքրիկ լեռնային երկրում գտել է ոսկու շուկա, ծիրանի կոնյակ և շատ խելացի երեխաների, սակայն միանալու տնտեսական իմաստ այդպես էլ չի գտել:

Մադագասկարից հետո՝ երկրորդը

Մի ժամանակ Մոսկվա-Երևան գնացքներ կային, դրանք կամ Ադրբեջանով էին անցնում, կամ Վրաստանով: Այսօր Հայաստանի երկաթուղին  կոնցեսիայի է հանձնվել ՌԵՈՒ-ին, սակայն փաստացիորեն՝ դա կղզի-երկաթուղի է: Ադրբեջանի հետ Հայաստանը չավարտված պատերազմի մեջ է՝ երկաթգծերը քանդված են: Իսկ Վրաստանով ճանապարհն անցնում է Աբխազիայով, որի հետ էլ Վրաստանն է, մեղմ ասած՝ լարված հարաբերությունների մեջ: Արդյունքում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն չկա: Մոսկվայից Երևան կարելի է հասնել ավտոմեքենայով երկու օրում՝  Հյուսիսային Կովկասով ու Վրաստանով, կամ ինքնաթիռով՝ երեք ժամից պակաս ժամանակում:

Օդանավակայանից գալու ճանապարհին նայում եմ շուրջս. ի հիշատակ  սովետական բարեկամության՝ ռուսերենով  մի տեղ մնացել է միայն «Ереван» ցուցանակը, ու մեկ էլ ավտոսպասարկման կետերում հանդիպում են, ըստ երևույթին՝  անթարգմանելի բառեր՝  «шиномонтаж», «вулканизация»  կամ «карбюратор»: Մնացած բոլոր ցուցանակները հայերեն են: Լենինի ոչ մի հուշարձան, դրա փոխարեն՝ հեղափոխության հերոսների հուշարձանները, չգիտես ինչու, պահպանվել են: «Իսկ սա ո՞վ է,- հարցնում եմ վարորդին՝ ցույց տալով երկար վերարկուով քարե տղամարդուն: -Կոմիսա՞ր է»: Գլխով է անում: «Իսկ ինչո՞ւ են Լենինին հանել, իսկ տեղացի կոմիսարներ Մյասնիկյանին ու Շահումյանին պահել են»,- տարակուսում եմ ես: «Բայց ախր որովհետև դրանք հայ են»,- ծիծաղում է վարորդը:

Եթե խոսենք տնտեսության մասին, 2011 թ. Forbes ամսագիրը Հայաստանն ընդգրկել էր վատթարագույն տնտեսություն ունեցող երկրների տասնյակում՝ վարկանիշով նրանից ավելի վատն էր միայն Մադագասկարի տնտեսությունը: «Է՜, տղա ջան, դու ուզում ես գրել մի բանի մասին, ինչը չկա…»,- ասում էին ինձ գրեթե բոլորը՝ իմանալով, որ եկել եմ նյութեր հավաքելու Հայաստանի տնտեսության մասին:

2012 թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 3,2 միլիոն բնակիչ, նրանցից երկրում մշտապես բնակվում է 3 միլիոնը: Ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի անձնական գնահատականներով՝ իրականում Հայաստանում կա 2,2-2,5 մլն բնակիչ: «Մեր ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես $10 միլիարդ,- պատմում է Խաչատյանը:- Մասնավոր տրանսֆերտները՝  այլ երկրներում աշխատող հայերի փոխանցումները, կազմում են տարեկան $1,8 մլրդ: Իհարկե, չհաշված այն գումարները, որոնք առձեռն են բերվում. դրանց հետ միասին, կարծում եմ, այդ տրանսֆերտները կազմում են  $2,5 մլրդ: Գումարի 90 %-ը բերում են կամ փոխանցում են Ռուսաստանից»: Հայաստանում միջին աշխատավարձը մոտավորապես $300 է:

Սակայն Ռուսաստանից համատարած կախվածությունը կապված է ոչ միայն դրամական փոխանցումների հետ: 100 %-ով ռուսաստանյան ընկերություններին են պատկանում բաշխիչ էլեկտրացանցերը («Հայաստանի էլեկտրացանցեր» մենաշնորհ) և էներգետիկ հզորությունների մեծ մասը՝ Հրազդանի ՀԷԿ-ը, Հրազդանի ՀԷԿ-ի հինգերորդ բլոկը (սրանք տարբեր օբյեկտներ են),Սևանի ջերմաէլեկտրակայանների կասկադը: Ռուսաստանցիներին են պատկանում արդեն փակված էլեկտրոնիկայի գործարանը և շատ հաջող աշխատող, «Русал» խմբի մեջ մտնող փայլաթիթեղի «Արմենալ» գործարանը: Շատ բան Ռուսաստանին է տրվել 2004 թ. «գույք՝ պարտքի դիմաց» պայմանագրի համաձայն: Գազատարները, այդ թվում՝ Իրանից եկող, ամբողջությամբ Ռուսաստանին են պատկանում՝ «Газпром Армения» ՓԲԸ-ին («Газпром»-ի  հարյուր տոկոսանոց «դուստրը»): Հայաստանում բջջային երեք օպերատորներից երկուսը ռուսաստանյան են՝ Beeline-ն և MTC-ը, երրորդը ֆրանսիական Orange-ն է: Հայաստանի կապի ոլորտում ակտիվորեն ներմուծվում է նաև «Ростелеком»-ը: Բանկային սեկտորում, Խաչատրյանի գնահատականներով, նույնպես հայկական կապիտալը նվազագույնն է. երկրի 25 բանկերից 21-ը օտարերկրյա սեփականատերերի տնօրինության տակ են:

2013 թ. Հայաստանից արտահանումը ՄՄ երկրներ կազմել է՝ $334,5 մլն՝ ՌԴ, $8,6 մլն՝ Բելառուս, $7,3 մլն՝ Ղազախստան: ՄՄ երկրների միասնական ՀՆԱ-ն $2,3 տրիլիոն է, ինչը մոտավորապես 230 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն: Տեսականորեն՝ երկրի ինտեգրումը մի տնտեսական տարածք, որտեղ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3,5 անգամ բարձր է, քան հենց այդ երկրում, կարող է դրական արդյունք տալ: Էներգակիրների և հումքի արտահանման մաքսատուրքերի վերացումը կարող է երկու-երեք տարում բերել ՀՆԱ-ի աճ՝ 4-5 %՝ մոտավորապես $400-500 մլն: ՄՄ-ին միանալուց ակնկալվում է երկրի ներդրումային գրավչության ավելացում, արտահանման ծավալի մեծացում՝ մաքսային խոչընդոտների նվազեցման շնորհիվ, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծում: Հրապուրիչ է նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի հեռանկարը ՄՄ-ի տարածքում: Սակայն կան նաև ակնհայտ մինուսներ: Միությանը միանալուց հետո երկիրը կհայտնվի բոլորովին այլ ճամբարում, ինչ Վրաստանն է, որը գնում է ԵՄ: Կարող են դժվարանալ առևտրային հարաբերություններն ու տարանցումը: Բացի այդ, հարկ կլինի բարձրացնել ներմուծման մաքսատուրքերը, ինչպես ՄՄ-ի մյուս երկրներում է, և միանգամից կթանկանան արտասահմանյան մի շարք ապրանքներ՝ սնունդ, ավտոմեքենաներ: Ակնհայտ է, որ ինքնին Հայաստանի միացումը ՄՄ-ին ակնառու տնտեսական արդյունք չի տա ոչ  իրեն, ոչ էլ, առավել ևս՝ միության մյուս երկրներին: Փորձագետների մեծ մասը միացումն ընկալում է բացառապես որպես քաղաքական քայլ, ավելի ստույգ՝ տուրք պատմությանը:

Նախորդ հոդվածը‘ Մեկնարկել է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը վիճարկում է վարչական ակտերի դատարանի շրջանցմամբ ԴԱՀԿԾ կատարման գնալու սահմանադրականությունը’