‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հովիկ Աբրահամյանի վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել է Կոմիտասի պող. 5ա շենքի մի խումբ բնակիչների բաց նամակը` Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Տրված եզրակացության համաձայն՝ նախագծերում պահպանված են բոլոր քաղաքաշինական նորմերը:
Այս կապակցությամբ Կոմիտաս 5ա-ի բնակիչները տարածել են պատասխան հայտարարություն, որտեղ կառավարության որոշումը որակում են որպես մերկապարանոց հայտարարությունների շարան, որը ևս մեկ անգամ վկայում է այն իրողության մասին, որ չինովնիկները սպասարկում են միայն իրենց սեփական շահերը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«ՀՀ կառավարության անունից տրված այդ պատասխանը մերկապարանոց հայտարարությունների շարան է, որը ևս մեկ անգամ վկայում է այն, մեղմ ասած ցավալի իրողությունը, որ մեր չինովնիկների մեծ մասը բացի իրենց անհագուրդ ու անվերջանալի ախորժակն ու սեփական շահերը սպասարկելուց ոչ մի այլ բանի ընդունակ չեն:
Խոսենք պատասխանում նշված իրականության հետ ոչ մի կապ չունեցող և ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից իբր թե ուսումնասիրված տխրահռչակ ու սուտ 9 փաստարկների մասին՝ դրանց կապակցությամբ ներկայացնելով հիմնավորված և պաշտոնական փաստաթղթերով ապացուցված փաստեր:
«Հարկայնության նվազեցման և էլեկտրաքարշի ենթակայանի տեղափոխման» բնակիչների պահանջը այդ չինովնիկների տրամաբանությամբ առավել վտանգի աղբյուր հանդիսացող էլեկտրոքարշի ենթակայանը սեփական բնակարաններին մոտեցնելն է, սեփական լույսը կտրելը, թե սեփական առողջությանը վնաս տալը: Ինչ վերաբերում է հարկայնության՝ նախագծով նվազեցմանը, ապա դա ոչ միայն օգուտ չի տվել, այլ ողջ տարածքը լայնքով ու երկայնքով բետոնապատելու, կանաչ տարածքից և տնկված ծառերից զրկելու, կառուցվող շենքի պատուհաններն ու պատշգամբները բնակիչների «քթի տակ դնելու» ու այդ շենքի սեփականատերերի շահույթն ավելացնելու հնարավորություն է ապահովել: Մանավանդ, որ կառուցապատողը վերահսկողության բացակայության մեր իրողության պայմաններում, խախտելով շինարարական ու տեխնիկական բազմաթիվ նորմերի պահանջները, ինքնագոհ շենքը կառուցում է այնպես և այն չափով, ինչն իրեն է ձեռնտու՝ էլեկտրաքարշի ենթակայանին գրեթե կպած, մինչդեռ նախագծով սահմանված է 4.1 մետր հեռավորություն, ուստի եթե անգամ Կոմիտաս 5ա շենքից 2.5 մետր հեռու լիներ, ինչպես անպատասխանատու ձևով նշվել է ՀՀ կառավարության պատասխանում, ապա դա ևս հակասում է նախագծին, էլ չենք խոսում այն մասին, որ ըստ ՍՆԻՊ 02.07.01.89-ի այն պետք է լինի ոչ պակաս, քան 10 մետրը:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե «տարածքը չի հանդիսանում ընդհանուր օգտագործման ու պարսպապատված է եղել և հանդիսացել էլեկտրաքարշի ենթակայանի սպասարկման տարածք», չի նշանակում, որ ով ինչպես ուզի, պետք է այդպես վարվի, մասնավորապես՝ տա վարձակալության կամ թույլատրի բազմաբնակարան շենք (ավտոկայանատեղով ու ռեստորանով) կառուցել՝ կես դարից ավելի այդ տարածքում ապրող շուրջ 150 բնակարանի բնակիչների կենսապայմանների, նյարդերի ու առողջության հաշվին: Պետք է հասկանալ, որ տասնամյակներ առաջ հենց այնպես չէ, որ պահպանելով տեխնիկական կանոնակարգերի պահանջները՝ էլեկտրաքարշի ենթակայանը տեղադրվել է պարսպապատված ու սահմանված նորմերի պահպանմամբ՝ այդ տարածքի կենտրոնում:
Ի դեպ նշենք նաեւ այն փաստը, որ կառուցապատողը, ըստ փաստաթղթերի, տարածքի նկատմամբ ունի ոչ թե սեփականության, այլ վարձակալության իրավունք:
Ակնհայտ սուտ է նաև պատասխանում նշված լիազոր մարմինների կողմից տրված դրական եզրակացությունը: ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պատասխանն է՝ «Պահանջվում է ապահովել կառուցվող շենքի ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքի մոտեցման համար 5-8 մետր հեռավորության վրա 3.5 մետր լայնությամբ ճանապարհ», «Շինարարության ընթացքում ապահովել շենքերի և շինությունների միջև նորմերով պահանջվող հակահրդեհային միջտարածությունները», մինչդեռ կառուցվող շենքը Կոմիտաս 3 և Կոմիտաս 7 շենքերից չունի այդ հեռավորությունը, իսկ Կոմիտաս 5ա շենքին էլ զրկում է արտակարգ իրավիճակների դեպքում որևէ օգնության հնարավորությունից:
Պատասխանում նշված է «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 08.11.2012թ. մի խումբ բնակիչների կողմից կառուցապատողին ներկայացրած վնասների հատուցման պահանջը մերժվել է» հայտարարությունը, որը ևս ակնհայտ սուտ է, քանի որ 08.11.2012թ. դատական ակտը վերաբերում է ոչ թե բնակիչների դրամական պահանջին, այլ հակառակը՝ կառուցապատողն է բնակիչներին ներկայացրել 40.600 ԱՄՆ դոլար վնասների փոխհատուցման դրամական պահանջ, ընդ որում ոչ թե ՀՀ վճռաբեկ, այլ ՀՀ վարչական (առաջին ատյանի) դատարանին, ուստի մերժվել է ոչ թե բնակիչների, այլ կառուցապատողի ծիծաղելի պահանջը: Ի դեպ՝ բնակիչների հայցերից միայն մեկն է հասել ՀՀ վճռաբեկ դատարան, որը բավարարվել է): (03.02.2012թ. , գործ N ՎԴ /3902/05/11/2012 թ. որոշմանբ)
Եթե ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պաշտոնյաները դատական ատյաններն ու որոշումները միմյանցից տարբերել չեն կարող (իհարկե երևի ցանկություն էլ չունեն), էլ ի±նչ ասենք: Նույն այդ պաշտոնյաները պետք է հասկանան նաև, որ շուրջ 2 տասնյակ ծառեր (այդ թվում բարդիներ) կտրած կառուցապատողի համար 130.000 դրամ տուգանքի վճարումը մի գրոշ էլ չարժե:
Կոմիտաս 5-ի տարածքի բնակիչներ
‘