‘«Կոմիտաս 5»-ի կառուցապատող. Շինարարության դեմ բողոքը հրահրում են «հողի վրա աչք ունեցողները»’

980

Կոմիտաս 5-ում շինարարություն իրականացնող «Լիբեր» ՍՊԸ-ի տնoրեն Էդվարդ Քեշիշ Աբրամը iLur.am-ի հետ զրույցում հերքել էր տեղեկություններն այն մասին, որ դատարանի որոշմամբ կասեցվել է Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարությունը:

Մեր թղթակցի հետ զրույցում Էդվարդ Քեշիշ Աբրամը հայտարարեց, որ մամուլում հայտնված այդ փաստաթուղթը «սարքած է»:

«Չեմ հասկանում՝ ով է կանգնած այս ամենի հետևում, այս հողի վրա աչք ունեցող, սրանք շատ քայլերի գնացել են հողը խլելու համար», — նշեց Աբրամը:  Հարցին, թե արդյոք այդ մարդիկ իրենից մասնաբաժին են պահանջել այդ շենքի կառուցմանը չխոչընդոտելու համար, Էդվարդ Աբրամը նշեց, որ իր հետ ոչ ոք այդ թեմայով չի զրուցել:

Նրա խոսքով, սկզբնական նախագծի համաձայն՝ նախատեսված է եղել կառուցել 14 հարկանի շենք, և իրենք շահել են դրա դեմ դատական գործը, սակայն Նարեկ Սարգսյանի և Էդվարդ Աբրամի միջև կայացած զրույցից հետո կառուցապատողը խոչընդոտներից և ձգձգումներից խուսափելու համար որոշել է ընդառաջ գնալ Նարեկ Սարգսյանի խնդրանքին և համաձայնել է 14 հարկանի շենքի փոխարեն 7 հարկանի շենք կառուցել:

Էդվարդ Աբրամը նաև տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ կառուցապատման դեմ բողոքները սկսվել են շինարարության մեկնարկից միայն մեկ տարի անց, իսկ մինչ այդ, ըստ նրա, բնակիչները բավականին դրականորեն են տրամադրված եղել նրա նկատմամբ և հաճախ իրեն հյուրընկալել են իրենց տներում:

Էդվարդ Աբրամը  նաեւ հերքեց խոսակցություններն այն մասին, թե այդ շինարարությունը իբր պատկանում է ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանին կամ Բարսեղ Բեգլարյանին (Ֆլեշի Բարսեղ):

Խոսելով բնակիչների դժգոհությունների մասին, որ շինարարության հետևանքով իրենց բնակարաններում խոշոր ճաքեր են առաջացել, Աբրամը տեղեկացրեց, որ կանչել է մասնագետներ` պարզելու համար, թե իրոք այդ ճաքերը շինարարության հետևանքով են առաջացել:

«Մասնագետները եզրակացություն կազմեցին, որ ճաքերը առաջացել են դեռ խորհրդային տարիներին, հակառակ դեպքում ես պատրաստ կլինեի փոխհատուցել այդ ճաքերի համար», — նշեց նա:

Այնուհանդերձ, բնակիչների հետ փոխհամաձայնության հասնելու համար Էդվարդ Աբրամը հրահանգել է դադարեցնել «մոլոտի» կիրառությունը և դրա փոխարեն կտրել ժայռաբեկորները շենքի հիմքը փորելու ժամանակ:

 Հ.Գ Ի դեպ, անցյալ կիրակի Կոմիտաս 5 այցելած մեր թղթակիցը հաստատում է, որ շինարարությունը չի դադարեցվել:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ. Եկել է ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Աղբյուր. Տրանսպորտը կթանկանա հունվարի 1-ից’