‘Կոմկուսը կքննարկի նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը ‘

665

Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ տեղի կունենա Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը, որը կորոշի մասնակցության ձևաչափը՝ մասնակցել, թե չմասնակցել, եթե մասնակցել՝ ով է լինելու թեկնածուն: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը: 

«Եվ վերջապես, մենք լուրջ կուսակցություն ենք, հաշվի ենք առնում մեր ամբողջ ռեսուրսները, մանավանդ՝ ֆինանսական, քանի որ նախագահական ընտրություններին լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր», — նշեց նա: 

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ թեկնածու չառաջադրեն ու թեկնածուներից մեկին սատարեն, Թովմասյանն ասաց՝ դժվար թե որևէ մեկն արտահայտի սոցիալիստական գաղափարախոսություն: 

«Մեր գաղափարախոսությունը բոլորովին այլ նպատակներ է դնում, այսինքն՝ ժողովրդավարացնել ընտրությունները, և ոչ թե հույսը դնել կեղծիքների, օքսիդացող թանաքների, կաշառքի վրա, վերջին 20 տարիներին ժողովրդից խլվածը վերադարձնել ժողովրդին, որ ժողովուրդը զգա՝ ինքն է պետության տերը, ոչ թե անհատ մարդիկ, որոնք չգիտես ինչ ճանապարհներով գռփեցին, թալանեցին»: 

Թովմասյանի խոսքով՝ Կումկուսի կենտկոմի պլենումն ամենայն հավանականությամբ կգումարվի դեկտեմբերին:

Նախորդ հոդվածը‘Հարավային Աֆրիկայում Մանդելայի դիմանկարով թղթադրամներ են թողարկվել ‘
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսում անցած գիշեր պայթյունների շարք է գրանցվել ‘