‘Կոնգոյում ինքաթիռի վթարից 10 օր անց անգամ հայտնի չէ զոհված օդաչուների մասունքների ճակատագիրը’

665

«Դեռևս հստակեցված չէ օրը, թե երբ են տեղափոխվելու Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում աղետի ենթարկված  բեռնատար ինքնաթիռի հայ օդաչուների դիակները»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը :

Պատասխանելով iLur.am-ի այն հարցապնդմանը, թե միթե սա նշանակում է, որ վերջնականապես կայացվել է դիակները Հայաստան տեղափոխելու որոշումը՝ վերջինս ասաց, որ դեռ չի որոշվել, և ոչինչ հայտնի չէ: Ըստ նրա՝ ձգձգման պատճառն այն է, որ օդաչուների հարազատների հետ աշխատանք է տարվում, և ինչ-որ այլ պատճառ չկա:

«Հարազատները միանգամից չեն հայտնել իրենց տեսակետը, մեր աշխատակիցներից մեկն իրենց հետ աշխատում է, դեռ պարզ չի»,- ասաց խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք զոհված օդաչուների հարազատները միանգամից չեն հայտնել իրենց դիրքորոշումը դիակները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում  բեռնատար ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ էին՝ Վարազդատ Բալասանյան, Արա  Թովմասյան, Թադևոս Հովհաննեսյան, Անդրանիկ Գևորգյան և Էդգար Ավետյան:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահը զինվորականներին թույլատրել է ձերբակալել քաղաքացիական անձանց’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ն ոչ թե խաղաղություն է ծնում, այլ չքավորություն’