‘Կոնգոյում վթարված ինքնաթիռի հրամանատարը Արցախյան պատերազմի մասնակից Վարազդատ Բալասանյանն էր ‘

1419

Արդեն հայտնի է Կոնգոյում վթարված ինքնաթիռի հրամանատարի անունը. օդանավի հրամանատարը Վարազդատ Բալասանյանն էր: Այս մասին iLur.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Վարազդատ Բալասանյանը ծնվել է 1949 թվականին, Ղարաբաղի Քարինտակ գյուղում: Մասնագիտությամբ օդաչու-հրամանատար էր։ Ավարտել էր Սասովոյի (Ռյազանի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1972) և Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան (1989)։ 1973-77-ին աշխատել է Ուրալսկի (Ղազախստան) քաղաքացիական ավիացիայի վարչությունում, 1977-96-ին՝«Էրեբունի» օդանավակայանում, 1996-2000-ին եղել է Ստեփանակերտի օդանավակայանի պետը։

1988-92-ին կամավոր մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 50-ից ավելի թռիչք։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

iLur.am-ի տեղեկություններով, Բալասանյանը մինչեւ վերջերս եղել է նաեւ ՀՀ ՊՆ ռազմական օդաչուներից մեկը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ի գիշերը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում բեռնատար ինքնաթիռի աղետ է տեղի ունեցել: Ինքնաթիռի 5 օդաչուները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք պայմանագրային հիմունքներով աշխատում էին այնտեղ:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում ծխախոտը վաճառվում է սարսափելի նկարներով (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 200 անգամ’