‘Կոնգրեսը հանրաքվեի քարոզչության կանոններ է առաջարկում (Տեսանյութ)’

1194

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ՝ ներկայացնելով դիրքորոշումը «Հանրաքվեների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ.

Հանրաքվեները եւ ընտրությունները ժողովրդավարության բարձրագույն դրսեւորումն են, եւ բնականաբար, մենք պետք է այնպես անենք, որ դրան վերաբերող օրենսդրական նորմերը լինեն հնարավորինս անթերի:

Հանրաքվեները եւ ընտրություններն, ըստ էության, կոչված են իրագործելու նույն բանը՝ ապահովելու ժողովրդի կամքի արտահայտությունը ճակատագրական հարցերի վերաբերյալ: Ուղղակի՝ հանրաքվեով ժողովուրն ուղղակիորեն ինքն է տալիս հարցերի պատասխանները, իսկ ընտրությունների միջոցով ընտրում է այն ներկայացուցիչներին, ովքեր պետք է որոշեն այդ հարցերը:

Բնականաբար, բոլոր այն չափանիշները կամ պահանջները, որոնք մենք դնում ենք ընտրությունների առաջ, նույն այդ չափանիշներն ու պահանջները պետք է դնենք հանրաքվեի առաջ: Ուստի, չի կարող այնպես լինել, որ հանրաքվեի դեպքում լինի այլ մոտեցում: Եվ դա է պատճառը, որ նորից ուզում եմ հիշեցնել, որ ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ 5 խմբակցություններով ներկայացրել ենք կարեւորագույն առաջարկներ: Եւ ես կարծում եմ, որ եթե մենք ցանկանում ենք լուրջ գործընթացի մեջ մտնել, մենք պետք է այս օրենքի նախագծում ավելացնենք բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացրել ենք ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Չմոռանանք, որ հայաստանյան եւ միջազգային փորձագետների կարծիքով, Հայաստանի ընտրություններին բնորոշ են ընտրակեղծարարության հետեւյալ գործիքները, որոնք նույն չափով կրկնվում են հանրաքվեների ժամանակ: Դրանք են՝ ընտրակաշառքը, բազմակի քվեարկությունը, Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկությունը, ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտության վրա անօրինական ազդեցության գործադրումը, ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները, լցոնումները, վարչական ռեսուրսի, պաշտոնական դիրքի եւ պետական լծակների ապօրինի գործադրումը, անպատժելիությունը եւ բողոքարկման գործընթացի փաստացի չգործելը: Ուստի, մենք այս օրինագծի վերաբերյալ կներկայացնենք նույն այն առաջարկները, ինչ ներկայացրել ենք բազմաթիվ այլ առիթներով:

Դրանք են՝ պետական մակարդակով նկարահանել քվեարկության ողջ ընթացքը, տարանջատել բնակչության եւ ընտրողների ռեգիստրները, ընտրողների ցուցակները, դրանցում կատարված փոփոխություններով հանդերձ՝ դարձնել հրապարակվող փաստաթուղթ՝ ներբեռնելու հնարավորությամբ: Հրապարակել քվեարկության մասնակիցների ցուցակները: Այս առաջարկները մենք կներկայացնենք, հասկանում ենք, որ այս օրենքը բերվել է գալիք սահմանադրական հանրաքվեի անցկացման համար: Եվ իշխանությունները, ինչպես նաեւ՝ նրանց օգնության եկած այլ ուժերը, հիմա հարթում են ճանապարհը դեպի հանրաքվե:

Մենք նաեւ ընդունում ենք այս մարտահրավերը, պատրաստ ենք գնալ հանրաքվեի՝ բնականաբար, մեր բովանդակությունը դնելով այդ գործընթացի մեջ: Բայց այդ գործընթացի թափանցիկությունը, օրինականությունը եւ ժողովրդավարությունն ապահովելու նպատակով մենք ուզում ենք անել մի առաջարկ, որը սպեցիֆիկ է հենց հանրաքվեների համար:

Մենք կարծում ենք, որ, ի տարբերություն ընտրությունների, որտեղ կան կոնկրետ թեկնածուներ, որոնք ունեն հավասար հնարավորություններ՝ ելույթ ունենալու հեռուստատեսությամբ, նույն բանն ապահովված չէ հանրաքվեների մասնակիցների եւ քարոզիչների համար: Հասկանալի է, որ հանրաքվեում «այո» ասողների ու քարոզողների, եւ «ոչ» ասողների ու քարոզողների համար հավասար հնարավորություններ ապահովելը Հանրային հեռուստատեսությամբ առաջացնելու է մի շարք խնդիրներ եւ հարցադրումներ, թե ինչպես պետք է կազմակերպել այդ ամենը: Հիմա ես ցանկանում եմ առաջարկել այդ լուծումները, որ Հայ ազգային կոնգրեսը կուղարկի նաեւ այս նախագծի հեղինակներին՝ դրանք նախագծի մեջ ներառելու նպատակով:

Մենք առաջարկում ենք, որ հանրաքվեի քարոզչության ժամանակաշրջանից առաջ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները, որոնք որոշում են մասնակցել հանրաքվեին եւ ինչ-որ դիրքորոշում որդեգրել, պաշտոնապես գրանցվեն որպես «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցներ, որից հետո նրանց պետք է տրամադրվի հավասար եթերաժամանակ՝ Հանրային հեռուստատեսությամբ իրենց քարոզչությունը տանելու նպատակով: Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե այդ բանն արվի, ինչպե՞ս կարելի է, ասենք, «ոչ»-ի համար նախատեսված ժամանակը բաշխել բոլոր քարոզելու ցանկություն ունեցողների միջեւ: Հատկապես՝ եթե հաշվի առնենք այն դժվարությունները, որ կապված են այն հանգամանքի հետ, որ ցանկություն կարող են հայտնել այնպիսի ուժեր, որոնք քիչ հեղինակություն ունեն կամ մարգինալ են եւ չեն կարող լրիվ հավասար իրավունքների հավակնել ավելի ազդեցիկ ուժերի կողքին: Դրա համար շատ պարզ մի ֆիլտր կարելի է սահմանել՝ ե՛ւ «այո»-ի, ե՛ւ «ոչ»-ի դեպքում եթերաժամանակի 75 տոկոսը հավասարապես տրամադրել  այն կուսակցություններին, որոնք ներկայացված են խորհրդարանում եւ ունեն կոնկրետ դիրքորոշում: Մնացած 25 տոկոսը կարելի է էլի ինչ-որ սկզբունքով բաժանել այլ՝ արտախորհրդարանական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ, եւ դրանով, ըստ էության, հարցը լուծված կլինի:

Մենք ողջունում ենք այս հարցերը քննարկելու համար աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը, եւ կուզեի հույս ունենալ, որ համագործակցելու պատրաստակամության մասին ձեր խոսքերը կարող են բովանդակալից արդյունք տալ: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հանրաքվեն կոնկրետ ուղերձ էր Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘«Human Rights Watch»-ը Բաքվի խաղերը լուսաբանող լրագրողների համար ուղեցույց է պատրաստել’