‘
ԱՄՆ սենատի արտաքին գործերի հանձնաժողովը բանաձևի տեքստ է կազմել, որով հավանություն է տրվում Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու՝ ԱՄՆ պլաններին: Փաստաթղթում, որի քվեարկությունը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին, ասվում է, որ այդ գործողության ժամկետը պետք է սահմանափակվի 60 օրով՝ մեկ ամիս երկարացնելու հնարավորությամբ: Բանաձևը նաև արգելում է ցամաքային գործողությունների անցկացումը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքերով՝ Ասադի վարչակարգի կողմից քիմիական գրոհ իրականացնելուց հետո, «ինչը հնարավոր չէ հերքել», ամերիկացիները պետք է գործեն: Ըստ Քերիի՝ եթե ԱՄՆ-ն այս պահին չգործի, դա «վտանգավոր ազդանշան» կծառայի իր թշնամիներին, այդ թվում՝ Իրանին, Լիբանանում՝ «Հեզբոլլահին», Հյուսիսային Կորեային և այլն: Կոնգրեսի լսումների ընթացքում Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին հայտարարել է. «Մենք որոշակի տվյալներ ունենք, որ ռուսաստանյան իշխանությունները Ասադի վարչակարգին խոստացել են Սիրիայում վերականգնել այն ամենը, ինչ մենք կոչնչացնենք»: Մինչդեռ ռուսաստանյան կողմը չի բացառել Սիրիայում ռազմական միջամտությանը համաձայնություն տալու հնարավորությունը, եթե ապացուցվի, որ Ասադը քիմիական զենք է կիրառել: «Ռուսաստանին ակնհայտ ապացույցներ են պետք Սիրիայում որևէ մի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ, և դրանից հետո Մոսկվան վճռական կգործի»,- ասել է Պուտինը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է սպասել ՄԱԿ-ի տեսուչների եզրակացությանը, քանի որ առայժմ ստույգ տվյալներ չկան, թե ո՛ր կողմն է կիրառել քիմիական զենք, փոխանցում է BBC-ն:
‘