‘
ԲՀԿ-ի կողմից նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին հայտարարությունից հետո վերջնականապես պարզ դարձավ Հայ ազգային Կոնգրեսի դեմ հնչող «քննադատության» էությունը, կամ՝ մեխանիկան:
Հայտարարությունից հետո հնչող այդ «քննադատությունների» որակը ցույց տվեց, որ դրանք բովանդակային որեւէ փոփոխություն չեն կրել, եւ հետեւաբար՝ այդ «քննադատությունը» տրամաբանական կապ չունի կոնկրետ գործողության հետ:
Երբ նախագահ Տեր-Պետրոսյանը հնչեցրեց իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, եւ երբ ԱԺ ընտրություններից առաջ ձեւավորվեց միասնական շտաբը, այդ «քննադատությունները» ահագնացան եւ հիմնականում նույն միտքն էին արտահայտում՝ այս կամ այն կերպ ձեւափոխված, այն է, թե ԲՀԿ-ն իրականում չի պոկվել ՀՀԿ-ից, եւ որ այդ կուսակցությունը իրականում ընդդիմադիր դաշտում խաղում է իշխանության խաղը, եւ Կոնգրեսն էլ լեգիտիմացնում է այդ գործընթացը: Վերջերս, նախագահական ընտրություններին ընդառաջած սկսված կոնսուլտացիաներից հետո, նույն միտքը շարունակվում էր շրջանառվել, այս անգամ արդեն այն հավելյալ կոնտեքստով, թե նախագահական ընտրություններում առաջադրվելու է Գագիկ Ծառուկյանը, Կոնգրեսն էլ սատարելու է նրան, հետո Սերժ Սարգսյանը հաղթելու է, Ծառուկյանը շնորհավորելու է նրան, իսկ Կոնգրեսն էլ մնալու է լուսանցքում: Կային նաեւ ավելի հեռուն գնացող նախկին ընդդիմադիրներ, ովքեր այդ ամենը տանում-կապում էին Ռոբերտ Քոչարյանի հետ, թե իբր ընդդիմությունը ԲՀԿ-ի միջոցով ցանկանում է վերակենդանացնել Քոչարյանին: Բայց ուշագրավն այն է, որ առաջ քաշվող յուրաքանչյուր թեզի հիմնավորումն այդքան էական չէր, որքան դրանք ուղեկցող ուղղակի քննադատությունները Կոնգրեսի հասցեին: Այսինքն, հնչում էր «քննադատությունների» ու պիտակավորումների տարափ, որը, արդարացված լինելու համար ներկայացվում էր վերոնշյալ «սոուսի» ներքո: Ոտքի վրա հորինվում էր մի վարկած, որը արդեն կայացած իրողություն ներկայացնելով, համապատասխան գործիչները համապատասխան լրատվամիջոցների շնորհիվ ներկայացնում էին որպես անառարկելի փաստ, ինչի հիման վրա էլ Կոնգրեսի հասցեին «քննադատություններ» էին տեղում:
Սակայն, եթե այդ «քննադատությունները» իրապես կապ ունենային վերոնշյալ վարկածների հետ, ուրեմն դրանք Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո պետք է որ դադարեին: Այն պարզ պատճառով, որ «քննադատների» հիմնական մտահոգությունները չարդարացան: Եթե իրենց մտավախությունն իրապես այն էր, որ Ծառուկյանն այս ընտրություններում պիտի կատարեր Արտաշես Գեղամյանի եւ Արթուր Բաղդասարյանի ֆունկցիան, ապա Ծառուկյանի չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո պետք է որ «քննադատությունները» կամ վերանային, կամ էլ՝ դրանք հնչեցնողները խոստովանեին, որ սխալ էին իրենց հաշվարկներում:
Սակայն, Ծառուկյանի հայտարարությունից հետո տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Կոնգրեսի հանդեպ այդ «քննադատությունների» չափաբաժինն ավելացավ, ընդ որում, սակայն, ուշագարվն այն էր, որ հիմնավորումները այնպիսին էին, որ կարող էին որպես հիմնավորում գոյություն ունենալ միայն այն պարագայում, եթե Ծառուկյանը հայտարարեր առաջադրվելու մասին: Այդ պարագայում, իհարկե, «քննադատները» կկարողանային գոնե մինչեւ փետրվարի 18-ը շարունակել պնդել, որ «ամեն ինչ ընթաում է իրենց կանխատեսածի համաձայն»: Բայց այն, ինչ հիմա հնչեցվում է «քննադատների» կողմից, բացահայտ պատերազմ է տրամաբանության եւ հիշողության դեմ: Տպավորություն է, որ այդ նույն քննադատները չէ, որ ընդամենը երկու օր առաջ ահազանգում էին, թե տեսեք, քիչ մնաց՝ Ծառուկյանն առաջադրվելու է, եւ Կոնգրեսին դնի վատ վիճակի մեջ: Այժմ, սակայն, այնպես են ներկայացվում այդ «քննադատությունը», ասես ընդամենը մինչեւ երկու օր առաջ իրենք ահազանգում էին, թե՝ «Կոնգրես, կտեսնես, որ Ծառուկյանը չի առաջադրվելու»:
Ասել է թե, այս իրավիճակից ցանկացած ելքի եւ ցանկացած զարգացման դեպքում նույն մտքերը հնչելու էին՝ անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք հնչեցվող հայտարարությունները կապ ունե՞ն իրականության, իրենց նախկին հայտարարությունների հետ, թե՞՝ ոչ:
Տպավորություն է, որ այդ մարդկանց ինչ-որ ժամանակ առաջ տրվել է մի տեքստ, որը նրանք պարբերաբար հնչեցնում են, ընդ որում, անկախ այն հանգամանքից, որ ամեն օր իրավիճակ է փոխվում, նոր զարգացումներ են լինում:
Սա է «քննադատների քննադատությունների» մեխանիկան, որը այպես էլ չի փոփոխվում՝ անկախ զարգացումներից, ինչը փաստացի ապացուցում է, որ իրականում, «քննադատների» նպատակը ոչ թե անկեղծորեն հանրության, մասնավորապես, Կոնգրեսի ապագա հաջողությունների վերաբերյալ անկեղծ մտահոգություն հնչեցնելն է, այլ Կոնգրեսին անընդհատ «խփելը»:
Պարգեւ Ապրեսյան
‘