‘Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ ժամանակավոր հավատարմատարների հետ ‘

1498

Ս.թ. դեկտեմբերի 23-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպեցին Երևանում Եվրոպական Միության պատվիրակության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Ռումինիայի ժամանակավոր հավատարմատարների հետ:

Լ. Զուրաբյանը ներկայացրեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքը՝ գնահատելով այն որպես ամբողջությամբ կեղծված, իսկ նրա հայտարարված արդյունքները Հայաստանի ժողովրդի արտահայտված կամքին լիովին հակառակ: Խոսվեց հանրաքվեի ընթացքի, բռնությունների, լցոնումների, հաշվարկի ժամանակ տեղի ունեցած համատարած խարդախությունների, վերահաշվարկի ներկայացված դիմումների մերժման, հանրաքվեի արդյունքները ԿԸՀ-ում բողոքարկման ընթացքի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարան դիմելու խնդրի վերաբերյալ, ներկայացվեց հանրաքվեի արդյունքների վրա զանգվածային օրինախախտումների ազդեցության գնահատականը, հիմնված Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների եւ վիճակագրական վերլուծությունների վրա: Նշվեց, որ Հայ Ազգային Կոնգրեսը այժմ պատրաստում է ավելի քան 100 ընտրական գործընթացին վերաբերող քրեական գործերով դիմել դատախազություն: Ներկայացվեցին նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի Հայաստանում ժողովրդավարության վերականգնմանն ուղղված հետագա քայլերը:

Երկուստեք կարևորվեց Հայաստանի ժողովրդավարացման ուղղված արդյունավետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը, ներառյալ ընտրական օրենսգրքի ընդունումը, ինչը կնպաստի ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանն ու ընտրական գորընթացների նկատմամբ հասարակության վստահության ստեղծմանը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակելու աշխատանքային նման հանդիպումները:

 

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Կոնգրեսի հայցը’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում’