‘Կոնգրեսի շնորհավորանքը Բաբկեն Արարքցյանի 70-ամյակի առթիվ’

1619

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին լրանում է 1988 թվականից ծայր առած Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1991թ.-ից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ 1995-ից Ազգային ժողովի նախագահ, քաղաքական ու պետական գործիչ Բաբկեն Արարքցյանի 70-ամյակը։

Բաբկեն Արարքցյանը «Ղարաբաղ» կոմիտեի, ապա նաեւ Հայաստանի առաջին ժողովրդավար իշխանության առանցքային գործիչներից է։ Ինչպես Շարժման տարիներին, այնպես էլ հետո Բ. Արարքցյանն էր գործուղվում կարգավորելու ամենաճգնաժամային իրավիճակները կամ հայտնվում ամենաթեժ կետերում։ Այդպես 1990թ. հունվարին, որպես «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչ, նա համակարգում էր Երասխավանի ինքնապաշտպանական գործողությունները, մարտին` Գետաշենի ենթաշրջանում էր, 1991թ. օգոստոսի 19-ին, ԳԿՉՊ-ի օրերին նա Հաթերքում էր՝ հարթելու համար շատ վտանգավոր մի միջադեպ։

Բաբկեն Արարքցյանը ղեկավարել է 1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած Անկախության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը։ Որպես համանախագահ ղեկավարել է նաեւ ՀՀ Սահմանադրական հանձնաժողովը։

Երկու ընտրաշրջան Բաբկեն Արարքցյանի ղեկավարությամբ գործող Հայաստանի օրենսդիր մարմինը դարձավ այն հիմնասյուներից մեկը, որի վրա խարսխվեց եւ գոյացավ Հայոց անկախ պետականությունը։ Կոմունիստական իշխանությանը հաջորդած առաջին Գերագույն խորհուրդը պիտի գործեր խիստ յուրահատուկ պայմաններում։ Այդ յուրահատկություններից մեկը՝ պայմանավորված նախորդ հասարակարգի առանձնահատկությամբ, իրական եւ ինքնուրույն օրենսդրական աշխատանքի ավանդույթի իսպառ բացակայությունն էր։ Գեթ սկզբնական շրջանում պատգամավորների մի մասը հեռու էր ոչ միայն օրենսդրական աշխատանքը պատկերացնելուց, այլեւ իրենց իրավունքների ու պարտականությունների սահմանները ճանաչելուց։ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանից տիտանական համբերությունից սկսած` մինչեւ մանկավարժական հմտություններ ու նրբանկատություն էր պահանջվում այս, ըստ էության, ամենադժվարին օղակը ղեկավարելու, վերջինիս իր գործառույթին բերելու, բնական, նաեւ արհեստածին հակասություններն ու հակամարտությունները հարթելու, իշխանության թեւերի միջեւ լիազորությունների նպատակով վտանգավոր պայքարը կանխելու, անհրաժեշտ եւ որակյալ օրենսդրական արտադրանքն ապահովելու համար։ Շատ կարճ ժամանակում Հայաստանի օրենսդիր մարմինը դարձավ ամենաարդյունավետ քաղաքական քննարկումների, ամենակարեւոր քաղաքական որոշումների ընդունման, ամենաորակյալ օրենսդրական արտադրանք ապահովող հարթակ։

Հայ Ազգային Կոնգրեսը ջերմորեն շնորհավորում է Բաբկեն Արարքցյանին՝ 70-ամյա հոբելյանի առթիվ, բարձր է գնահատում նրա վաստակն ու նվիրումը Հայոց անկախ պետականության հիմնադրման ու կայացման գործում եւ համոզված է, որ նրա փորձն ու գիտելիքներն այսուհետ եւս կծառայեն հայկական պետականության ամրապնդման ու բարգավաճման գործին։

Նախորդ հոդվածը‘Ռադան և Եվրախորհրդարանը վավերացրին ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Լեհական կառավարության նոր ղեկավարը կին է’