‘
Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը նախագահել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նիստում հաստատվել են Իրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական և բնապահպանական հարցերի, Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաև Տնտեսական և բնապահպանական հարցերի և Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները:
Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների և առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ:
Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի և դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:
Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել կուսակցության անդամների հաշվառման և տարածքային կազմակերպությունների ժողովների հրավիրման ընթացքի մասին:
Վարչությունը որոշում է կայացրել հոկտեմբերին երիտասարդական համաժողով անցկացնելու և դրա նախապատրաստման նպատակով կազմկոմիտե ստեղծելու վերաբերյալ:
Նիստում ելույթ է ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
‘