‘
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի դեմ հարձակում գործած Պարգեւ Մանուկյանին տուգանել 80 հազար դրամով: iLur.am-ի հետ զրույցում Աշոտ Փիլիպոսյանը դատարանի վճիռը որակեց որպես խեղկատակություն: «Դատական վճռի հրապարակման օրը ես բոյկոտել եմ նիստը՝ չներկայանալով դատարան: Ես չէի էլ ակնկալում, որ դատարանը օբյեկտիվ վճիռ կկայացնի: Իշխանությունը Պարգեւ Մանուկյանին օգտագործեց որպես գործիք, սակայն իրական մեղավորները այդպես էլ պատասխանատվության չենթարկվեին: Ես շնորհակալություն եմ հայտնում, որ մեղադրյալի աթոռին չհայտնվեցի»,- ասաց Կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավարը:
Ավելի վաղ Աշոտ Փիլիպոսյանը մեզ տեղեկացրել էր, որ դատական նիստերի ժամանակ թե՛ դատավոր Վարդան Ստեփանյանը, թե՛ մեղադրյալը փորձում էին գործին այնպիսի ընթացք տալ, որ այն դիտարկվի որպես անձնական հաշվեհարդար: «Դատարանում ներկայացված անձը միայն կատարող է: Նիստի ընթացքում դատավորը ակնհայտ խուսափում էր գործը քաղաքականացնելուց, իսկ երբ ես էի դա անում, նրանք ծանր էին տանում: Այնպիսի տպավորություն էր, թե ես եմ հանցագործը»,- նշել էր նա՝ հավելելով, որ հարձակումը միանշանակ քաղաքական հաշվեհարդար էր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Լեռնանիստ գյուղի բնակիչ Պարգև Մանուկյանը հարձակում էր գործել Աշոտ Փիլիպոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց:
Ընդգծենք նաեւ, որ այս դեպքից մեկ օր առաջ, իր տան շքամուտքի մոտ, հարձակման էր ենթարկվել նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը: Վերջինիս գործով նախաքննությունը ավարտվել է օրեր առաջ:
‘