‘Կոնգրեսն առաջարկում է նվազեցնել զրպարտանքի և վիրավորանքի համար լրատվամիջոցների պատժաչափը’

736

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առաջարկում է նվազեցնել զրպարտանքի ու վիրավորանքի համար լրատվամիջոցների համար նախատեսվող հատուցման չափը: Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ընդգծել է, որ «Քաղաքացիական օրենսգրքում» պետք է նվազեցնել «ողջամիտ» հատուցման չափը, քանի որ այդ տուգանքները լրատվամիջոցներին ստիպում են սնանկանալ և փակվել: «Մենք կողմ ենք, որ մարդու արժանապատվությունը վիրավորելու կամ նրան զրպարտելու համար լրատվամիջոցը պետք է պատժվի, սակայն առաջարկում ենք փոխել «պատ»-ի կիրառման քաղաքականությունը»,- ընդգծել է Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նշել է, որ իրենց ներկայացրած նախագծով առաջարկվում է օրենքում հազարապատիկ բառը փոխարինել հարյուրապատիկով կամ այլ չափ սահմանել:

ՀԱԿ-ի ներկայացրած նախագծին անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինիե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախագծում իր համար անհասկանալի կետեր կան: «Ես այստեղ նկատեցի, որ զրպարտողը կամ վիրավորողը դատարանում ազատվում է պատասխանատվությունից, եթե բացահայտվում է տեղեկատվության աղբյուրը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է վիրավորողն ազատվել պատասխանատվությունից՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելով: Այս կետն անընդունելի է ինձ համար»,- նշեց Հովհաննիսյանը:

Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ևս անդրադարձել է նախագծին՝ նշելով, որ իր համար էլ է անընդունելի է վիրավորողին պատասխանատվությունից ազատելու մասին նույն կետը:

Արամ Մանուկյանն այսպես է բացատրել ներկայացված առաջարկի հիմնավորումը. ««Տեղեկատվության աղբյուրն այդ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, այսինքն, եթե դուք իմ ասածը հիմք եք ընդունում` մամուլում տպելու, և ես դա հիմնավորում եմ, ապա այդ դեպքում պատասխանատվությունն ընկնում է ինձ վրա, եթե ինչ-որ տեղ տպվել է, և դուք կարդացել եք, դրանով դուք ձեզնից սուբյեկտը հեռացնում եք այլ սուբյեկտի վրա»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ազգային ժողովում տեղի է ունենում Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվում է լրատվամիջոցների կողմից զրպարտանքի ու վիրավորանքի համար նախատեսվող հատուցման չափը նվազեցնելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է՝ ՄՄ մտնելու համար Հայաստանը հրաժարվի ԵՄ ստանդարտներից’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն մինչև տարեվերջ’