‘
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ընդունել են մի քանի որոշումներ, որոնք առնչվում են Եվրոպական Միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ:
Հայաստանի համար ճակատագրական այս հարցերի շուրջ բանակցությունների ամբողջ գործընթացը չի եղել թափանցիկ, համաձայնությունների եւ պայմանագրերի էությունը եւ հիմնավորումները գաղտնի են պահվել եւ չեն քննարկվել Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակայնության հետ ոչ՛ Ազգային Ժողովում, ոչ՛ հանրային բանավեճի որեւէ այլ ձեւաչափում, եւ Սերժ Սարգսյանի կողմից կայացվել են ստվերային քաղաքական առեւտրի եւ խաղադրույքների վրա հիմնված միանձնյա որոշումներ:
Ոչ հրապարակային, կամայական եւ ոչ-կոմպետենտ այս քաղաքականության հետեւանքով Եվրոպական Միության եւ Ռւսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերություններում առաջացել է անվստահություն եւ լարվածություն, եւ նրանց հետ ինտեգրացիոն գործընթացները համագործակցության դաշտից տեղափոխվել են Հայաստանի համար Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ առճակատային մրցակցության եւ երկրի նկատմամբ բանեցվող ճնշումների դաշտ:
Պաշտոնական Երեւանի իրարամերժ, փոփոխական, անսկզբունքային եւ անհետեւողական հայտարարությունների եւ քայլերի պատճառով Հայաստանը հայտնվել է ծայրահեղ նվաստացուցիչ վիճակում եւ ոչնչացրել է միջազգային ասպարեզում (հավասարապես թե Ռուսաստանում, թե Արևմուտքում) վստահելի եւ կանխատեսելի գործըներոջ վարկը, առաջացնելով աննախադեպ սպառնալիքներ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգի համար:
Կատարվածի մեջ բացարձակապես չպետք է մեղադրել ոչ Եվրոպական Միությանը, ոչ էլ Ռուսաստանին: Եթե պետք է մեղավոր փնտրել, ապա դա ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը և նրա ավազակապետական ռեժիմը, որն այդպես էլ չհասկացավ քաղաքականության և կազինոյի տարբերությունը:
Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է մնալ հավասարակշռված արտաքին քաղաքականության եւ փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների կողմնակից, եւ վստահ է, որ Հայաստանի միջազգային վարկի վերականգնումը եւ բազմակողմանի ինտեգրացիոն գործընթացների շարունակականությունն անհնարին է Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյության պահպանման պայմաններում եւ կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին միավորվել ոչ օրինակարգ իշխանության հեռացման եւ ազգային շահերը պաշտպանող իշխանության ձեւավորման նպատակի շուրջ, ինչը վստահաբար դրական ազդեցություն կունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերությունների որակի վրա:
‘