‘Կոնգրես. Սերժ Սարգսյանի վրա է ընկնում այս ահաբեկչական բոլոր ակտերի պատասխանատվությունը’

2381

Դեկտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 8-ի սահմաններում իր տան շքամուտքում հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Նրան տնից դուրս կանչած հանցագործները բացեիբաց հայտարարել են, որ նրա նկատմամբ հաշվեհարդար են տեսնում հենց վերջինիս քաղաքական գործունեության, այն է՝ ի հեճուկս Լեռնանիստի գյուղապետի արգելքի՝ իրենց գյուղում դեռ սեպտեմբերին Հրազդանի հանրահավաքների մասին իրազեկում կատարելու համար։

Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքական ահաբեկչության արդեն վեցերորդ դեպքն է, հաջորդած՝ նոյեմբերի 26-27-ին «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամների եւ հակաիշխանական ակցիայի այլ մասնակիցների ավտոմեքենաների հրկիզմանը, նոյեմբերի 27–ին՝ նույն կազմակերպության անդամ Գեւորգ Սաֆարյանի, դեկտեմբերի 9-ին՝ Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ, հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, դեկտեմբերի 10-ին՝ նույն դաշինքի խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանի, դեկտեմբերի 11-ին՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարած դավադիր, եւ բոլոր դեպքերում՝ կյանքի համար վտանգավոր հարձակումներին։

Կուլմինացիայի հասած հասարակական ըմբոստության եւ իշխանությունը կորցնելու վախի պայմաններում Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախումբը, այլեւս զրկված քաղաքական պայքարի ունակությունից ու մեթոդներից, ապավինել է ավազակաբարո գործելակերպի ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական առումով անցնելով անթույլատրելիության բոլոր սահմանագծերը։ Այս ամենը մարտահրավեր է ոչ միայն քաղաքական հակառակորդներին, այլեւ  Հայաստանի պետական համակարգին եւ ողջ ժողովրդին։ Իշխանությունը կորցնելու վախը մթագնել է վարչախմբի բանականությունը, եւ նա քաղաքական ընդդիմության դեմ պայքարը տեղափոխել է այլ հարթություն՝ որդեգրելով որեւէ իշխանության համար անպատվաբեր՝ դարանակալ ահաբեկչության ստոր ու ամոթալի մեթոդը։ Ահաբեկչական ակտերի՝ իշխանության կողմից կազմակերպված լինելը, ըստ էության, հաստատվում է հենց ՀՀ ոստիկանապետի եւ ներքին զորքերի հրամանատարի ցինիկ հայտարարություններով։ Ընդ որում՝ քիչ թե շատ նորմալ երկրում նման հայտարարություններ անող ցանկացած բարձր պաշտոնյա հաջորդ րոպեին պաշտոնանկ պիտի արվեր։ Ու քանի որ դա չի արվել, ուստիեւ, որպես ռեժիմի միանձնյա ղեկավար, անձամբ Սերժ Սարգսյանի վրա է ընկնում թվարկված ահաբեկչական բոլոր ակտերի պատասխանատվությունը։

Այս ամենը մարտահրավեր է Հայաստանի ողջ ժողովրդին, նրա պետականությանը, ազգային անվտանգությանը, որը չի կարող հանդուրժել արժանապատվություն ունեցող որեւէ հասարակություն։ Նմանօրինակ գործելակերպը ոչ միայն չի կարող կոտրել ռեժիմի դեմ ծառացած Համաժողովրդական շարժման քաղաքական կամքը, այլեւ առավել հրատապ է դարձնում ամբողջական իշխանափոխության նրա ծրագրի շուտափույթ իրականացումը։ 

Հայ ազգային Կոնգրես 

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոցը» ‘
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’