‘Կոնկլավի մեկնարկը. «Դո՛ւրս բոլորդ»’

847

Այսօր, ժամը 19.30-ին (Երևանի ժամանակով), պապական արարողապետը կարտասանի «Extra omnes», ինչը բառացի նշանակում է «Դո՛ւրս բոլորդ», Սիքստինյան տաճարի դռները կփակվեն, և այդ պահից կմեկնարկի նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը: Դահլիճում տեղադրվել են 115 անվանական աթոռներ՝ յուրաքանչյուր ընտրող կարդինալի համար, իսկ Միքելանջելոյի «Ահեղ դատաստան» որմնանկարի տակ տեղադրված է քվեաթերթիկների տուփը: Ընտրություններին պատրաստ է նաև նշանավոր ծխնելույզը:  Սիքստինյան տաճարը, ինչպես նաև Սանտա-Մարթա նստավայրը, որտեղ կոնկլավի ընթացքում կբնակվեն կարդինալները, հագեցված են բջջային հեռախոսները և այլ էլեկտրական սարքեր խլացնելու հատուկ սարքավորումներով, որպեսզի ոչ մի ինֆորմացիա դուրս չսպրդի: Քվեարկության ընթացքում տեղի ունեցող ամեն ինչ գաղտնի պահելու վերաբերյալ երդում են տվել Վատիկանի բոլոր աշխատակիցներն ու սպասարկող անձնակազմը:

Սյս օրերին Հռոմն անասելի մարդաշատ է: Զբոսաշրջիկներն ապարդյուն փորձում են ազատ տեղ գտնել հյուրանոցներում: Վատիկանի մամլո ծառայության պաշտոնական տվյալներով՝ տեղում կոնկլավի գործունեությանը կհետևեն գրեթե 5 000 լրագրողներ: Թեև ակնհայտ ֆավորիտ չկա, փորձագետները կարծում են, որ Բենեդիկտոս XVI-ի հաջորդի անունը հայտնի կդառնա մինչև ուրբաթ, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ. «Բարսելոնա» — «Միլան» և «Շալկե 04» — «Գալաթասարայ»’
Հաջորդ հոդվածը‘Ադրիանո Գալիանի. Մեսին մոնստր է’