‘«Կոնֆեդերացիայի գավաթի» քաղաքներում կարգուկանոնը կհսկեն զինվորական ստորաբաժանումները’

562

Բրազիլիայի իշխանությունները հրահանգել են զինվորական ստորաբաժանումներ մտցնել այն քաղաքները, որտեղ անցնելու են Կոնֆեդերացիայի գավաթի ֆուտբոլային հանդիպումները, հաղորդել է Reuters-ը: Անվտանգության նկատառումներով արվող այդ միջոցառումները ձեռնարկվում են բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին, որոնց մասնակիցները, ի թիվս այլ պահանջների, դժգոհ են, որ բյուջետային միջոցները ծախսվում են Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումները կազմակերպելու վրա (դրանք մեկնարկում են հունիսի 22-ին):

Հակակառավարական ցույցերը Բրազիլիայում սկսվել են հունիսի սկզբներից, երկրի խոշոր Սան-Պաուլու քաղաքում, որտեղ երեկ փողոց էր դուրս եկել ավելի քան 50 հազար ցուցարար: Դժգոհության առիթ էր դարձել հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացումը: Սան-Պաուլուին հետևեցին Բրազիլիայի մյուս խոշոր քաղաքները: Երեկ երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը Սան-Պաուլուում ցուցարարներին հավաստիացրել է, որ իշխանությունները ականջ կդնեն նրանց ձայնին: «Իմ կառավարությունը լսում է սոցիալական փոփոխություն պահանջողների ձայնը»,- ասել է նախագահը:

Այն բանից հետո, երբ հունիսի 17-ին փողոց էր դուրս եկել գրեթե 250 հազար ցուցարար, Բրազիլիայի հինգ քաղաքների քաղաքապետները հայտարարել են տրանսպորտի ուղեվարձերը նվազեցնելու մտադրության մասին, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀԺ. Վովա Գասպարյանը քիթը քորելով՝ ձեռքն է վերցրել ինքնաձիգը եւ հայհոյելով` սկսել է անկանոն օդ կրակել ‘
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում սկսվել է արշավ՝«Ազատություն Մերաբիշվիլիին»’