‘Կոչ նախագահացուներին, վարչապետացուներին եւ այլոց’

3859

Մարտի 1-ի հանրահավաքից հետո իշխանական, «ազատ ու անկախ» լրատվամիջոցների, ինքնակոչ ու լիցենզավորված քաղաքական «վերլուծաբանների», , «անհատ գործիչների» ու տարբեր «կուսակցապետերի» միակ թեման դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի կես ժամանոց ընդարձակ ելույթի չորս տողը՝ «նոր միասնական ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանի» մասին։

Հիշեցնենք ու դիմենք սրանց, ինչպես նաեւ նախագահական, վարչապետական, նախարարական, պատգամավորական եւ այլ հավակնություններով տառապող հայտնի ու անհայտ գործիչներին.

Առաջին նախագահի ելույթում շատ կարեւոր երկու թեմա էլ կար։

Առաջին՝ Մարտի 1-ը։

Ձեզնից շատերը որեւէ կերպ առնչվել են Մարտի 1-ի հետ։ Գիտեն ողջ իրողությունը։ Համաձայն կամ դե՞մ եք կատարված արձանագրումներին ու գնահատականներին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով ու հանրահավաքի միահամուռ համաձայնությամբ որոշվեց  մարտի 1-ը հռչակել ու այսուհետ (նաեւ երբեւէ բացահայտումից հետո) նշել որպես 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր։ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ։ Եթե անկարեւոր հարց եք համարում՝ դա էլ կարող եք ասել բարձրաձայն։ Բայց այդպես միահամուռ մի լռեք արդեն 7 տարի մեր երկրի ամենակարեւոր հարցերից մեկի մասին։

Երկրորդ՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»։

Այս փաստաթղթին վերջին երկու շաբաթում արդեն երրորդ անգամ է անդրադառնում Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահը։ Նա ցույց է տալիս, որ այս փաստաթուղթը հայդատականության լիակատար վերադարձն է։ 1998-ից, դրա մասնակի վերադարձով, այն է՝ արտաքին քաղաքականության հիմքում Ցեղասպանության ճանաչման խնդիրը դնելով՝ մենք ստացանք «պատմաբանների հանձնաժողով», ամենաբարձր պաշտոնատար անձի մակարդակով Ցեղասպանության ուրացում (ինչը արձանագրել են նաեւ ձեզնից շատերը) եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի խաթարում։ Իսկ մինչ այդ՝ նույն հայդատական «ճշմարտությունների» տրամաբանության թելադրանքով Լեռնային Ղարաբաղն էր զրկվել հակամարտության կողմ լինելու իր միջազգային մանդատից (սա էլ ձեզնից շատերը ժամանակին բազմիցս արձանագրել են)։ Հիմա երկու շաբաթվա մեջ արդեն երրորդ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ահազանգ է հնչեցնում, որ հիշյալ փաստաթղթով Ս. Սարգսյանը եւս մի քայլ է անում Հայդատականության ճանապարհով ու արդեն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց է հռչակում պահանջատիրությունը։ Եթե մի այդքան վնաս էլ սա բերի (ինչում ձեզնից շատերը չեն էլ կասկածում), որքան հայդատական նախորդ հարցը բերեց, էլ ոչ Հայաստան կմնա, ոչ Ղարաբաղ, ոչ Ցեղասպանության խնդիր։

Հիմա դուք՝ ազատ ու անկախ լրագրողից մինչեւ նախագահացուներ, վարչապետացուներ եւ այլն, կո՞ղմ եք, թե՞ դեմ պահանջատիրությունը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դնելուն։ Տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում այդ վտանգները։ Ինչո՞ւ եք ամաչում, խոսեք նաեւ այդ մասին։ Ինչ է՝ խելքնե՞րդ չի հասնում։ Ասեք՝ որ ճիշտ է անում Սերժ Սարգսյանը։ Վախենում եք այդ դեպքում քաղաքականապես անգրագե՞տ երեւալ։ Թե՞ որ ժամանակին, ձեր քաղաքական կարիերայի բարձունքների եք հասել հենց  որպես քաղաքական այսօրինակ արկածախնդրության դեմ պայքարող ուժի ներկայացուցիչներ։ Ուրեմն՝ հակառակն ասեք։ Ասեք, որ Տեր-Պետրոսյանն է ճիշտ, եւ Հայաստանի համար պահանջատիրությունը արտաքին քաղաքականության հիմնահարց դարձնելը ժողովրդի ու պետության համար հղի է նորանոր վտանգներով ու անդառնալի կորուստներով։ Այս դեպքում էլ վախենում եք դավաճանության մե՞ջ մեղադրվել «մեր հողերը ուզող» հայրենասերներից։ Խելքներդ չի հասնում թե վախենում եք, երկու դեպքում էլ հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունեք, ուրեմն, քաղաքականության մեջ։

Այ, ուրիշ բան, երբ Ս. Սարգսյանը «կոտորած սարքեց» ԲՀԿ-ում։ Էդ ո՞նց էիք ակտիվացել, ի՜նչ խրախճանք էիք սարքել։ Վերջապե՜ս։ Ձեր իսկ կողմից բազմիցս բռնապետական, կոռումպացված հռչակված ռեժիմն այդ կերպ այս պահին ազատվեց համաժողովրդական ընդվզմամբ տապալվելու ամենաիրական վտանգից։ Չեք կասկածում, չէ՞, որ դա այդպես էր, որ իրական իշխանափոխության շեմին էինք։ Ոչ թե պալատական հեղաշրջման, այլ համաժողովրդական ամենալայն զանգվածների մասնակցությամբ (ինչը հաջորդ իշխանության ժողովրդավարական բնույթի երաշխիքն է)։ Հակառակ դեպքում ռեժիմը չէր գնա նման քայլի։ Համաձայն եք, չէ՞, որ ռեժիմը նման «կոտորածների» դիմում է, երբ իշխանափոխության ժամացույցը ցույց է տալիս «5 պակաս»։ Նախադեպերն էլ անգիր գիտեք. 1999-ի հոկտեմբերի 27, 2004-ի ապրիլի 12, 2008-ի մարտի 1՝ իրենց կործանարար քաղաքական հետեւանքներով։ Որքան էլ բովանդակային իմաստով, բնականաբար՝ տարբեր, սակայն իր քաղաքական հետեւանքներով ԲՀԿ-ի նկատմամբ հաշվեհարդարը հավասարվելու է սրանց։ Եւ քաղաքական այդ հետեւանքների մեջ առաջին տեղում, ինչպես թվարկած դեպքերում, որպես ցուցիչ, առարկայանալու է արտագաղթի թռիչքաձեւ աճը։ Ուստիեւ՝ եթե հրճվում եք այս առիթով, նույնն է թե հրճվում եք Հոկտեմբերի 27-ի, Ապրիլի 12-ի, Մարտի 1-ի առիթով։

Եթե սրանք ձեր հարցերը չեն, ասեք այդ մասին բարձրաձայն։

Եթե հայկական զորքերը Բաքուն գրավեին կամ «դաշնակ տղերքը» Ստամբուլն արյան ծով (ոչ հայերի) դարձնեին, հաստատ՝ այդքան չէիք հրճվի։ Այդպես «աշկարա» մի մատնեք ձեզ։

Վաղուց եւ բոլորին է հայտնի, որ այս վարչախմբի գոյության հիմնական լծակներից մեկն էլ եղել է կեղծ ընդդիմությունը կամ, ինչպես վերջերս է ավելի դիպուկ ասվում՝ «ընդդիմության ընդդիմությունը»։ Եւ հենց սա է իրոք «ինստիտուցիոնալ ընդդիմությունը» (ինչի մասին նույնպես վերջերս շատ է խոսվում), իսկ դրա արարողը, ինչպես գիտենք, իշխանությունն է (այնպես որ՝ պիտի հարգել մարդկանց հեղինակային իրավունքը)։ Դա էր, որ ապահովել է Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանությունը ՝ Վազգեն Մանուկյանի, Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի՝ հիմնական, եւ այլոց՝ էպիզոդիկ դերակատարմամբ։ Նույնիսկ մի անգամ Ս. Սարգսյանի ու Ա. Գեղամյանի միջև հրապարակային բանավեճ ծագեց, թե նման դերակատարման համար վերջինս քանի զրո ավել կամ պակաս է ստացել։

Հիմա, դուք՝ նախագահացունե՛ր, վարչապետացունե՛ր եւ այլն, սրանո՞վ գայթակղված եք ամեն ինչ մոռացել։ Դրա համա՞ր եք լուռ ու մունջ այսօրվա ամենակենսական հարցերում։ 

Գիտեք, չէ՞, որ «ընդդիմության ընդդիմությունը» հնարավոր է եղել միայն այն բանի շնորհիվ, որ այս երկրում ժողովուրդը երբեք չի հաշտվել բռնատիրության, ոչ օրինակարգ իշխանության փաստի հետ, եւ չհաշտված ժողովրդի այդ ռեսուրսի վրա էլ միշտ իրական եւ հզոր ընդդիմություն է եղել, որին իշխանությունը միայնակ չէր կարող դիմակայել։ Թե չէ նրբաճաշակ հանրապետականների գլխին «ո՞ր ձին էր քացով տվել», էնա՝ Խոսրով Հարությունյանի, Արտաշես Գեղամյանի, Բաբուխանյանի ու էլի մի քանիսի փոխարեն իրենց նախընտրական ցուցակի անցողիկ համարներում մինչեւ 35 տարեկան բարետես արտաքինով թեկնածուներ կդնեին։ Եւ գիտեք, չէ՞, որ շատ եկամտաբեր քաղաքական ձեր այդ բիզնեսը կվերանա, եթե մի օր լինի այն, ինչ դուք տարիներով «ավետել» ու «ավետում եք» ամեն օր՝ «Քառյակը չկա», «Եռյակը չկա», «ԲՀԿ-ն չկա»,  «Կոնգրեսը չկա», «Բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը չկայացավ» եւ այլն։

Չեմ կարծում, թե այդքան անտեղյակ եք։ Այո, իշխանությունը միջոցներ չի խնայում իրական ընդդիմության դեմ պայքարելու համար ստեղծված իր գործիքակազմի վրա՝ մամուլ, հեռուստատեություն, կայքեր, «ինստիտուցիոնալ» ընդդիմություն եւ այլն։ Եւ իշխանության այսօրինակ «ապահովական» ծախսերն այնքան մեծ են, որքան հզոր է իրական ընդդիմությունը։ Այդ աղբյուրից սնվողներն, անշուշտ, շատ լավ գիտեն այս ամենը։  Գիտեն եւ, այնուամենայնիվ, ինքնամոռաց խրախճանքի են տրվել։ Ինչո՞ւ։  Որովհետեւ համոզված են… հակառակում։ Համոզված են, որ ժողովուրդը չի համակերպվելու, որ՝ բռնապետությանը մի օր վերջ է գալու, որ՝ այդ վերջը բերելու է բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որ Կոնգրեսը մնալու է, որ նոր գեներացիա է սկսվելու։ Ու հենց այդ համոզմուքի հիման վրա էլ մտածում են՝ ուրեմն ինչո՞ւ մինչ այդ չօգտվենք «վերեւից տրվող բարիքներից»։

Ահա թե ինչու, Մարտի 1, Ցեղասպանություն եւ այլն թողած՝ իշխանության հետ «ինստիտուցիոնալիզացված»՝ ընկել եք Լեւոն Տեր-Պետրոսյանի 15 էջանոց ելույթից միայն չորս տողի ետեւից։ Վիրավորված, նեղացած։ Այդ առիթով, առանց հեգնանքի, հարցնենք.

 Ինչի՞ց եք վիրավորված։

Եթե քաղաքագիտության հետ ծանոթացումը մանկապարտեզից սկսվեր, ապա ավագ խմբի սաները արդեն պիտի իմանային դրա այբն ու բենը.

Որ՝ երկրում մեկն է լինում իշխանությունը, երկուսը արդեն երկիշխանություն է,  ճգնաժամային վիճակ է, որ պիտի արագ ավարտվի մեկի մնալով, մյուսի գնալով։ Որովհետեւ դա են պահանջում բանականությունը եւ բոլոր երկրների սահմանադրությունները։ Այսինքն՝ իշխանական դաշտը սահմանափակ է։

Որ՝ ընդդիմության դեպքում հակառակն է. այստեղ «դաշտն» անսահմանափակ է, կարող են զուգահեռ գործել բազմաթիվ ընդդիմադիր ուժեր՝ ոչ միայն միմյանց չխանգարելով, այլեւ մեկի գոյությունը օբյեկտիվորեն նպաստավոր է մյուսի համար։

Անշուշտ, այս ամենը դուք էլ շատ լավ գիտեք։ Բայց արդեն քանի տարի, հաճախ նաեւ իշխանության ձայնակցությամբ համառորեն պայքարում եք «ընդդիմության դաշտում Կոնգրեսի, ԲՀԿ-ի, Քառյակի , Եռյակի հաստատած մենաշնորհի» դեմ, գործելու  դաշտ եք ուզում։

Ձեր այդօրինակ հարցադրում-պահանջներին հնարավո՞ր էր առանց որոշակի սարկազմի պատասխանել։ Հիմա ինչի՞ց եք վիրավորված. որ ձեր երազած «դաշտը» իրազեկված հանրահավաքներով հանդերձ ձե՞զ նվիրվեց։ Վիրավորված եք, որ ասաց՝ խնդրեմ, գնացեք գո՞րծ արեք։ Դա չէ՞ր ձեր ուզածը։ Դրա համար չէ՞ր ձեր պայքարը «մոնոպոլիստ» Կոնգրեսի դեմ։

Հիմա դուք, վիրավորված, ուզում եք Լեւոն Տեր-Պետրոսյանին վատ, անհարմար վիճակի մե՞ջ դնել։ Դա մի ձեւ ունի՝ ապացուցեք, որ անտեղի էր նրա «կոդավորումը». իսկապես գնացեք, մեծ, շատ մեծ հանրահավաք արեք, «սենսացիոն ելույթներով», երկիրը ցնցող երթերով, «զուռնադհոլով, տրաքտրաքոցով»։ Արեք այն, ինչ «ընդդիմության դաշտը սեփականաշնորհած-բռնագրավածները» քանի տարի չկարողացան անել։ Հիմա դաշտն ազատ է, ապացուցեք հակառակը։ Գեթ մե՛կ ակցիայով։

Թե չէ՝ լաչառանալ ու հայհոյել ամեն մեկիս «պապն էլ կարող է»։ Կամ էլ, ինչպես հանճարեղ Թումանյանը կասեր…….

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կքննի Սիսսեի և Էվանսի պահվածքը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ խոսնակի պաշտոնից’