‘Կոռումպացված միջին դաս’

2042

Հունիսի 3-ին iLur.am կայքում հրապարակվեցին մեր փոքրիկ վիճակագրական հետազոտության արդյունքները՝ հայտնի օֆշորային սկանդալի վերաբերյալ համացանցային ԶԼՄ-ների արձագանքի մասին, որից պարզ է դառնում, թե, որքան էլ անհավատալի է, բայց դրանց մեծ մասը կամ պարզապես չի արձագանքել այդ կարեւորագույն թեմային՝ նույնիսկ լուրի տեսքով, կամ էլ սահմանափակվել է չոր լրատվությամբ (մանրամասներն այստեղ): (Փակագծերում նշենք, որ մեր հրապարակումից անմիջապես հետո ցանկում նշված որոշ լրատվամիջոցներ, այնուամենայնիվ, անդրադարձան թեմային առանձին վերլուծականներով, իհարկե, ոչ այն թափով, որը կարելի էր սպասել. նույնիսկ մակերեսային համեմատությունը բացահայտում է, որ այս թեման, այլ թեմաների համեմատ՝ մնում է խորը լուսանցքում):

Այս իրողությունը պակաս ցնցող չէ, քան բուն օֆշորային սկանդալը, նույնիսկ ինչ-որ տեղ՝ ավելի ուշագրավ, քանի որ այն, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները կոռումպացված են, պարզ հայերենով ասած՝ փչացած, բոլորս էլ գիտենք, պարզապես՝ այս անգմվա նման՝ ուղղակի ապացույցներ չենք ունեցել: Բայց ահա այն հանգամանքը, որ մեր անկախ եւ ինքն իրեն ընդդիմադիր ներկայացնող ԶԼՄ դաշտի մեծ մասը կարող է իրեն այդպես դրսեւորել՝ թեեւ մեզանից ոմանց համար՝ կանխատեսելի, բայց հասարակության մեծ մասի համար՝ դեռ մարսելու թեմա է: Չեմ չափազանցում: Խնդիրն այն է, որ ցանկացած ԶԼՄ-ի համար նման սկանդալը գտած թեմա է,  և հենց սեփական շահից ելնելով (հասարակության շահերը՝ դեռ մի կողմ)՝ նրանք պետք է անընդհատ տաք պահեին թեման՝ որքան հնարավոր է շատ ընթերցող շահելու համար:

Տեղի ունեցածի կարեւորությունը դժվար է թերագնահատել: Ճիշտ այնպես, ինչպես վարչապետի մասին գիտեինք, որ իրականում փչացած է, բայց չունեինք այս կարգի ուղղակի, չոր փաստ, նույն կերպ թեեւ ԶԼՄ դաշտի վերաբերյալ ունեինք բազմաթիվ անուղղակի փաստարկներ, սակայն այսպիսի չոր, անհերքելի պատկեր չենք արձանագրել, կարծես, երբեւիցե: Սա չպետք է մոռացվի, այլ պետք է շրջադարձային կետ հանդիսանա հասարակության համար՝ վերջապես հասկանալու եւ իմաստավորելու այն նոր՝ բացարձա՛կ նոր իրականությունը, որն այսօր ձեւավորվել է մեր ԶԼՄ դաշտում. երբե՛ք անկախ Հայաստանի պատմության մեջ իշխանական վերահսկողությունն այդ ոլորտում այդքան ամբողջական չի եղել, բայց նաեւ, միաժամանակ՝ երբե՛ք չի եղել այսքան բազմաշերտ՝ ներառելով նաեւ ընդդիմադիր հատվածը կամ դրա նմանակումը:

Ես չեմ ուզում, որ խոսքս սխալ հասկացվի՝ ես չեմ պնդում ինչ-որ դավադրական վարկածներ: Բայց պնդում եմ, որ այս հարցը չպետք է հենց այնպես մոռացվի, եւ որ անպայման պետք է տրվեն արժանահավատ պատասխաններ, առաջ քաշվեն հավաստի վարկածներ, թե չէ՝ մտածել, որ մի ամբողջ ԶԼՄ դաշտ 4 օր լռել է երկրի կյանքին վերաբերող խոշորագույն սկանդալի մասին, եւ դա համարել պատահականություն՝ կարող է իրեն թույլ տալ միայն նա, ով պատրաստ է խաբվել եւ ինքնախաբեությամբ զբաղվել, եւ, ինչ ասեմ, պարզապես արժանապատվություն չունի: Այս թեմայից բխած եզրակացությունների եւ ավելի ընդարձակ վերլուծությունների ժամանակը դեռ կգա, այժմ միայն մի փոքր ամփոփիչ դիտարկում:

            Մենք սովոր ենք խոսել բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայից: Քիչ չեն խոսակցությունները նաեւ հասարակ ժողովորդի ծախված լինելու մասին: Բայց չկա միջին շերտի կոռումպացված լինելու մասին թեմա: Ես նկատի ունեմ ոչ միայն ավանդական սովետահայ մտավորականությանը կամ էլ ակնհայտ իշխանամետ լրագրողներին, այլեւ մեր հասարակության այն հատվածը, որ խոսում է ընդդիմադիր դիրքերից՝ նույն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, հասարակական եւ քաղաքական գործիչներին, ակտիվիստներին, կարծիք ձեւավորողներին, հանրային դեմքերին եւ այլն: Իհարկե, այդ շերտի մեջ էլ միշտ եղել է կոռուպցիայի որոշակի աստիճան, բայց այն, ինչ կատարվում է վերջին երկու-երեք տարվա մեջ, կարծես, արդեն աննախադեպ է դառնում: Դեռ առիթ կունենամ բացելու այս երեւույթի էությունն ու դրա ձեւավորման մեխանիկայի որոշ մանրամասներ: Բայց պետք է շեշտեմ, որ այս թեմայի շուրջ խոսելը հեշտ չէ: Ժողովորդի մասին ով ինչ ասես կարող է ասել՝ ժողովուրդն անձայն է մեզանում, նրա խոսքը լսելի է միայն, եթե խոսք ձեւավորողները՝ իշխանամետ թե ընդդիմադիր, նրան արտահայտվելու հնարավորություն տալիս են: Այդքան էլ բարդ չէ խոսել նույնիսկ բարձրաստիճանների մասին՝ նրանք էլ հաճախ, որքան էլ տարօրինակ է, ձայն չունեն, որովհետեւ իշխանության ոչ բոլոր թեւերն ու ներկայացուցիչներն ունեն վերահսկելի խոսքի դաշտ: Խոսք ձեւավորելու, հնչեցնելու հնարավորության համարյա մենաշնորհը միջին շերտինն է՝ անկախ նրանից, թե այդ մարդիկ անկա՞խ են գործում, թե՞ իշխանության այս կամ այն հատվածի շահեր սպասարկելով: Եվ, բնականաբար, բարդ է բարձրաձայնել հենց այդ շերտի կոռումպացվածության մասին՝ ծախված ժողովրդի կամ չար օլիգարխ Լիսկայի թեմաներին զուգահեռ, քանի որ կա յուրահատուկ խմբային շահ: Շատերը նաեւ իրար ծանոթ-բարեկամ են կամ էլ իրար հետ առնչվելու առիթներ ունեն: Բայց այն, որ չնայած այս ամենին՝ թեման պետք է բարձրացնել եւ դարձնել քննարկան առարկա՝ փաստ է: Որովհետեւ ոչ թե բարձաստիճանների կամ ստորին խավի, այլ հե՛նց միջինների կոռումպացվածությունն է գլխավոր խոչընդոտը Հայաստանում նոր, ուժեղ հասարակական դիմադրություն կազմավորելու խնդրում:

Չարչարենց

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Հավաքականում անառողջ մթնոլորտ չկա’
Հաջորդ հոդվածը‘Զինդատախազ. Սյունիքի մարզպետարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից’