Ռուսաստանը կարող է դիտարկել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավազորությունից դուրս գալու հարցը, որը լսումներ է սկսում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցով, եթե դատարանը տեղիք տա Կիևի ցանկությանը և քաղաքականացված որոշում կայացնի։
Նման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։
Ուկրաինան Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է ցեղասպանության մասին Կոնվենցիան խախտելու մեջ։
«Կասկած չկա, որ որոշումն առավելագույնս քաղաքականացված կլինի։ Եթե ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, այնուամենայնիվ, տեղիք տա Կիևին և հավաքական Արևմուտքին, ապա ընդմիշտ կկորցնի Ռուսաստանի և այլ պետությունների վստահությունը արդարադատության երբեմնի հեղինակավոր մարմնի նկատմամբ։ Եթե գործի քննության ընթացքում իրավաբանական որոշման փոխարեն հրապարակի բացահայտ զրպարտություն, ապա Ռուսաստանը ստիպված կլինի քննել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ենթադատության տակից դուրս գալու սցենարը, ինչն ինքնին հեշտ իրավաբանական խնդիր չէ, քանի որ դա ՄԱԿ-ի հիմնական մարմիններից մեկն է, իսկ Միջազգային դատարանի Ստատուտը ՄԱԿ-ի Կանոնադրության անքակտելի մասն է»,- Telegram ալիքում գրել է սենատորը։
«Ակնհայտ է ՄԱԿ-ի բոլոր կառույցների աստիճանական փլուզումը։ Սա ասում եմ անկեղծ ափսոսանքով»,- հավելել է Կոսաչևը։
Փոխանցում է tass.ru-ն։