‘Կոստանյան. ՌԴ սահմանապահները պարտավոր էին հանձնել Պերմյակովին (Տեսանյութ)’

929

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր գլխավոր դատախազի մասնակցությամբ լսումներ էր կազմակերպել՝ քննարկելու Գյումրիում հունվարի 12-ի ողբերգական սպանություններից հետո առաջացած հարցերը:

ԱԺ քննարկումների դահլիճը լեփ-լեցուն էր. ավելի քան 100 լրագրողների, ԱԺ պատգամավորների, քաղաքացիական հասարակության անդամների ներկայությունը հեղձուկ էր առաջացրել ԱԺ քննարկումների սենյակում: Նիստի մեկնարկին մի քանի պատգամավորներ առաջարկեցին քննարկումը տեղափոխել ԱԺ նիստերի դահլիճ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ օրակարգով նախատեսված մեկուկես ժամն այս կարեւոր հարցի քննարկման համար խիստ անբավարար է: Նա պահանջեց նաեւ ելույթի հնարավորություն տալ պատգամավորներին:

Նիստը վարող, պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ), ի պատասխան գործընկերների պահանջների, «սպառնաց» կիրառել նիստը վարողի իր հնարավորությունները: 

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ում նախաձեռնությամբ էլ, ըստ էության, հրավիրվել էին լսումները, իր ներածական խոսքում շուրջ 10 րոպե խոսեց Գյումրիի ողբերգության զգայական կողմի, հասարակական հնչեղության եւ «քաղաքական հնարավոր շահարկումների» մասին՝ անթույլատրելի համարելով դրանք: «Ինձ համար ընդունելի չէ, որ նեղ անձնական, խմբային, քաղաքական շահերից ելնելով՝ քննարկման առարկա են դարձնում մեր ժողովրդի համար շատ կարևոր հարցերը: Բոլորիս նպատակը նույնն է, բայց նպատակին հասնելու ձևերը տարբեր են: Մեզ համար նպատակին հասնելու ճանապարհը իրավական գործընթացն է», — ասաց Կոստանյանը:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ դատախազի ելույթն ավելի շատ ոչ թե պետական պաշտոնյայի, այլ հոգեւորականի կամ հոգեթերապեւտի խոսք էր հիշեցնում:

«Եթե մենք սփոփանքի կամ մխիթարության կարիք ունենայինք, կաթողիկոսին կհրավիրեինք», — ասաց Զոհրաբյանը:

«Կաթողիկոսին չես կարա կանչես, էդ էր մնում պակաս», — տեղից բացականչեց Աժ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը քննարկման հետագա ողջ ընթացքում ուշադիր լսում ու գլխի շարժումով հավանություն էր տալիս դատախազի ասածներին. «Մարդը չոտկի սաղ բացատրում ա»:  

Իսկ գլխավոր դատախազն, ի պատասխան պատգամավորների պնդումների, այդպես էլ որեւէ նորություն չհայտնեց գործի քննության ընթացքի մասին՝ վկայակոչելով քննության գաղտնիության պահանջը:

Պատգամավորներից մի քանիսը հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Կոստանյանն արդեն կատարել է հունվարի 15-ին գյումրեցի ցուցարարների առաջ տված «տղամարդավարի խոստումը», արդյո՞ք դիմել է ՌԴ գլխավոր դատախազին՝ գործի քննությունը եւ մեղադրյալ Պերմյակովին Հայաստանին հանձնելու պահանջով: Դատախազը պատասխանեց, որ ՌԴ գլխավոր դատախազին դիմելը ոչ միայն իր խոստումից է բխում, այլեւ ի պաշտոնե իր պարտականությունն է:

«Ես, իհարկե, կատարելու եմ իմ խոստումը: Միաժամանակ, նշեմ, որ դիմումներն ինքնանպատակ չեն կարող լինել, դրանք արվում են որոշակի փուլում, ժամանակահատվածում եւ որոշակի հիմքերի դեպքում», — ասաց նա՝ ընդգծելով, որ իր ռուսաստանցի գործընկերոջը կդիմի միայն այդ դեպքում, «որպեսզի ստանանք ակնկալվող արդյունքը»:

Կոստանյանի խոսքով՝ «որոշակի հիմքերի» թվում նաեւ Պերմյակովին բերման ենթարկելու եւ ձերբակալելու հանգամանքներն են, որոնց քննությունը պետք է պարզի՝ արդյոք մեղադրյալին բերման ենթարկած ռուս սահմանապահները օրենքի խախտում են թույլ տվել՝ նրան ՀՀ ԱԱԾ-ին հանձնելու փոխարեն 102-րդ ռազմաբազա տեղափոխելով:

Ընդ որում՝ գլխավոր դատախազը հայտարարեց, որ ռուսաստանցի սահմանապահները պարտավոր էին սահմանախախտ  հայտնաբերելուց անմիջապես հետո դրա մասին հայտնել ՀՀ իշխանություններին, ինչպես նաեւ՝ պարտավոր էին նրան հանձնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մարմիններին: Նրա խոսքով՝ գործի քննության ընթացքում պարզ կդառնա՝ ինչու՞ դա չի արվել, եւ ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն դրա համար:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց՝ արդյո՞ք ռուսաստանցի սահմանապահների գործողությունների փաստով քրեական գործ  հարուցվել է: Դատախազը հստակ պատասխան չտվեց՝ «կիմանաք, հանգիստ եղեք»:  Փոստանջյանը պահանջեց Պերմյակովին ձերբակալելու ընթացքում թույլ տված իրավախախտումների համար քրեական պատասխանատվության ենթարկել ռուսաստանցի սահմանապահներին, ինչպես նաեւ՝ հայաստանցի ոստիկաններին, որոնց անգործության պատճառով մեղադրյալը հայտնվել է ՀՀ իրավազորության տարածքից դուրս: Նրա հարցադրումներին միացան նաեւ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ) եւ Ալեքսանդր Արզումանյանը (Ժառանգություն): Վերջինս խնդրեց որպես հանցագործության մասին հաղորդում ընդունել իր ասածները:

Արզումանյանը նաեւ նշեց, որ ինքը, որպես դիվանագետ, մասնավորապես՝ 1996-98թթ. ԱԳ նախարարի պաշտոնում մասնակցել է հայ-ռուսական շուրջ 20 համաձայնագրերի բանակցմանը եւ կարծում է, որ խորհրդարանական լսումների պետք է հրավիրվեր ոչ թե դատախազը, այլ ԱԳ նախարարը եւ ԱԱԾ ղեկավարը: «Երբեւէ չի եղել նման դեպք, որ սահմանախախտները չհանձնվեն ՀՀ ԱԱԾ-ին: Ոստիկանությունն անգործություն է դրսեւորել՝ թույլ տալով ռուսաստանցի զինվորականներին զինված գործողություններ իրականացնել ՀՀ տարածքում՝ սահամամերձ գոտուց դուրս», — նշեց պատգամավորը: Նա նաեւ հիշեցրեց, որ համաձայն հայ-ռուսական պայմանագրերի՝ դրանց իրարամերժ մեկնաբանությունների հարցը քննարկելու համար պետք է հայ-ռուսական խառը հանձնաժողով ստեղծվի:

Նիստը վարող Հովհաննես Սահակյանն, ի միջի այլոց, նշեց, որ այս լսումները «գուցե» խորհրդարանական քննարկումների սկիզբն էին, եւ որ հետագայում հնարավոր են քննարկումներ նաեւ այլ հանձնաժողովների նախաձեռնությամբ:

Նախորդ հոդվածը‘Մոմավառություն Բաթումիում՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի’
Հաջորդ հոդվածը‘Սահմանին զոհված Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով’