‘
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը ազդված է Պռոշյանի գյուղապետարանի դիմաց գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքից եւ ցավակցում է հարազատներին:
«Երիտասարդ տղա էր, ամեն դեպքում, ափսոս էր, մեր երկրում այդպիսի բաները պետք է բացառվեն: Վատ է, որ մեր երկրում, մեր մարզում նման ահաբեկչական երեւույթներ են դրսեւորվում»,- ասել է Շահգալդյանը:
Ինչ վերաբերում է Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած միջադեպին, նա նշել է, թե դա կենցաղային միջադեպ էր, անիմաստ, եւ ինքը չի կարծում, որ դրա մեջ լուրջ բան կա:
Ուշագրավն այն է, թե ինչպես է Շահգալդյանը գնահատել սպանված գյուղապետի աշխատանքը. «Եթե տարբերակում դնենք լավ, միջակ, վատ, ինքը միջակից մի քիչ ցածր համայնքի ղեկավար էր»: Հարցին, թե եթե վատ է աշխատել կամ միջակից ցածր ղեկավար է եղել, ինչպե՞ս է 3 անգամ անընդմեջ ընտրվել, Կովալենկո Շահգալդյանը, ոչ ավել, ոչ պակաս, ասել է. «Իրեն սիրում էին, ինքը ժողովրդի հետ շփվելու ունակություն ուներ, այսպես ասած` կռված տղա էր, ժողովուրդը ընդունում էր»:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:
‘