Այս հոդվածը, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև, հրապարակվել է 2025 թվականի օգոստոսի 7–ին «Le Journal du Dimanche»-ում։ Հեղինակը ֆրանսիացի հայտնի ռուսագետ և հետազոտող Ռաֆայել Օկլերն է։
ՏԵՍԱԿԵՏ։ Կովկասում աննախադեպ համաձայնագիր պարտադրելով՝ ԱՄՆ նախագահը թուլացնում է Հայաստանը և դուրս մղում Ֆրանսիային տարածաշրջանային խաղից։ Ռուսաստանի և Սառը պատերազմի մասնագետ Ռաֆայել Օկլերի վերլուծությունը։
Ռաֆայել Օկլեր — 07/08/2025
2025 թվականի օգոստոսի 7-8-ին Վաշինգտոնում կայանում է գագաթնաժողով, որին մասնակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ղեկավարները պատրաստվում են ստորագրել գաղտնի հուշագիր, որը կոչված է հիմքեր ստեղծել տարածաշրջանի կայունացման համար։ Այս առիթը յուրաքանչյուրին հնարավորություն կտա խաղալու իր կյանքի դերը․ Թրամփը՝ որպես խաղաղարար, մեծ քայլերով կմոտենա Խաղաղության Նոբելյան մրցանակին, որի մասին մտածում է ամեն առավոտ սափրվելիս, իսկ Փաշինյանն ու Ալիևը կցուցադրեն իրենց «բարի կամքը»՝ երեսուն տարվա հակամարտությունից հետո խաղաղության հասնելու հարցում։ Թեպետ այս փաստաթուղթը լիարժեք պայմանագիր չէ, որը կնախատեսեր հստակ պարտավորություններ և դրա կիրարկման մեխանիզմներ, Փաշինյանը շտապում է այն ընդունել՝ հանուն դիվանագիտական փառքի պատրանքների զոհաբերեով իր երկրի իրական շահերը։
Զանգեզուրի միջանցք․ ամերիկյան պլացդարմ + թուրքական առաջխաղացում Կովկասում
Փաստաթղթի, որի բովանդակությանը մենք ծանոթ ենք, առանցքային դրույթը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որը 42 կմ երկարությամբ հատում է Հայաստանի Սյունիքի մարզը՝ կապելով Ադրբեջանի Նախիջևանի անկլավը երկրի հիմնական հատվածին։ Նախագիծը, որը հայտնի է նաև որպես Trump’s Bridge for Bilateral Regional Defence Gateway & Economic Corridor կամ The Trump Route for International Peace and Prosperity (TRIPP), գտնվելու է թուրքական և ՆԱՏՕ-ական կառույցների վերահսկողության ներքո, մասնավորապես՝ արտոնյալ իրավունքներով օժտված ամերիկյան կառավարման ընկերության միջոցով։ Հայաստանը կստանա միջանցքի ստեղծած եկամուտների ընդամենը 30 տոկոսը։
Այս հուշագրի ստորագրումը կուժեղացնի ԱՄՆ ներկայությունը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի, Իրանի և եվրոպացիների հաշվին։ Թրամփը կքաղի տարածաշրջանային այս բարդ հակամարտության «լուծման» ողջ դիվանագիտական պտուղները, մինչդեռ Թուրքիան կընդլայնի իր ազդեցությունն ու կշարունակի առաջ մղել իր պանթուրքիստական հավակնությունները՝ հենվելով Ադրբեջանի հետ դաշինքի վրա, որը կստանա տնտեսական և ռազմական առավելություններ, այդ թվում՝ անմիջական կապ Նախիջևանի հետ։
2020 թվականին Լեռնային Ղարաբաղը Հայաստանից խլելուց հետո Զանգեզուրի միջանցքի ստեղծումը դարձավ Ադրբեջանի հիմնական պահանջը, սակայն Երևանը դիմադրում էր դրան, քանի որ այն կնշանակեր իր տարածքի մի մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարում։ Սակայն դա, կարծես թե չի խանգարում Հայաստանի վարչապետին․ հուշագիրը նախատեսում է նույնիսկ սահմանադրական փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջից հրաժարումով, ինչը կթուլացնի Երևանի իրավական երաշխիքներն ու տարածաշրջանային դիրքերը։ Իսկ Ֆրանսիան՝ տարածաշրջանում ավանդական հավասարակշռող ուժը, փաստացի ամբողջությամբ և վերջնականապես դուրս կմղվի։
Ֆրանսիան՝ Թրամփի նոր գործարքի «կողմնակի վնասի» զոհ
Այս իրավիճակը լուրջ հարված է Փարիզին, որը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Եվրոպան և Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային և էներգետիկ ուղիների հանգույց։ Ֆրանսիան՝ որպես միջուկային էներգետիկայի և էներգետիկ անվտանգության համաշխարհային առաջատար, ապավինում է նաև Կենտրոնական Ասիայից ուրանի մատակարարումների կայունությանը, հատկապես Նիգերում տեղի ունեցած աղետալի զարգացումներից հետո։ Ըստ Euratom-ի տվյալների՝ 2023 թվականին ուրանի ներմուծման 27%-ը իրականացվել է Ղազախստանից, 19%-ը՝ Ուզբեկստանից։ Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն ու բազմազանեցումը կարող էին դառնալ Ֆրանսիայի համար խոշոր ռազմավարական հնարավորություն։ Սակայն ամերիկյան, թուրքական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող միջանցքի բացումը կսահմանափակի այլընտրանքային ուղիների հնարավորությունը։ Այդպիսով կաճի Եվրոպայի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից, իսկ Ֆրանսիայի դերը տարածաշրջանում կթուլանա՝ այն վերածելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գերակայության պայմաններում անզոր դիտորդի։
Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հայ ժողովուրդը չի կարող ողջամտորեն ընդունել իր երկրի շահերի նման «էժան վաճառքը»։ Այդ պատճառով նա բազմիցս հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքի ստեղծումը օրակարգում չէ՝ նախընտրելով «խաղաղության խաչմերուկ» երկիմաստ արտահայտությունը, որը փաստորեն նույն միջանցքն է։ Արդ, ինչ է իրականում կատարվում: Հուլիսի վերջին այս հուշագրի նախագծի մասին տեղեկատվության արտահոսքից հետո, որը հաստատում էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանի ավելի վաղ հայտարարությունը, Հայաստանի ղեկավարը կտրուկ հերքել է փաստաթղթի գոյությունը և չի բացահայտել դրա բովանդակությունը հայրենակիցներին։ Այնուամենայնիվ, ստորագրումը նախատեսված է վաղը։
Միջանցքի գործարկումը կհանգեցնի Հայաստանի տարածքում մշտական օտարերկրյա ռազմական ներկայության, քանի որ անվտանգության ապահովումը կհանձնվի մասնավոր ռազմական ընկերության, որը կարող է տեղակայել մինչև 1000 զինծառայող։ Այն ընդունելով՝ Փաշինյանը փաստացի զրկում է Հայաստանը ինքնիշխանությունից՝ ազգային շահերը զոհաբերելով ամերիկյան և թուրքական աշխարհաքաղաքական հավակնություններին։
* Ռաֆայել Օկլերը դասախոս-հետազոտող է, ռուսագիտության դոկտոր, Ռուսաստանի և Սառը պատերազմի մասնագետ։ Նա «Putin, Lord of War» գրքի (2024, Mareuil Éditions) համահեղինակն է։
© Le Journal du Dimanche. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Top of Form
Bottom of Form
