Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

267

Եվրոպական երկրները ջանում են կասեցնել «Օմիկրոնի» տարածումը և խստացնում են սահմանափակումները։

Մինչդեռ Իսրայելը մասամբ հանում է երկիր մուտք գործելու արգելքը արտասահմանցիների համար։ Հունվարի 9-ից Իսրայել կարող են մուտք գործել կորոնավիրուսի հիվանդացության միջին մակարդակ ունեցող ու հետևաբար՝ «նարնջագույն» ցուցակում ընդգրկված 199 երկրներից ժամանող պատվաստված կամ հիվանդացած-ապաքինված մարդիկ։ Այդ ցուցակում են Եվրամիության մի քանի երկրներ, Ավստրալիան և Իռլանդիան։ Իսրայելի իշխանությունները մտադիր են նաև մոտ ժամանակներս «կարմիր» ցուցակից «նարնջագույն» տեղափոխել Հարավային Աֆրիկան, Նիգերիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան և Կանադան։ Իսկ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Եթովպիան, Թանզանիան, Մեքսիկան, Շվեյցարիան և Թուրքիան առայժմ կմնան «կարմիր» ցուցակում։

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, թե «Օմիկրոնի» տարածումը, որը հիվանդության ավելի մեղմ ընթացք ունի և հիմնականում հոսպիտալացման կարիք չի առաջացնում, թույլ է տալիս տնտեսությունը աստիճանաբար բացելու ծրագրեր կազմել։ «Մենք պետք է դադարենք հաշվել վարակման դեպքերը և սովորենք ապրել վիրուսի հետ՝ հետևելով ախտանշաններին և հիվանդության ծանրությանը, բայց և չմոռանալով տնտեսության վիճակի մասին»,- հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը։

Հնդկաստանում այսօրվանից սկսվել է 15-ից 18 տարեկան դեռահասների պատվաստումը։ Ընդ որում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Հնդկաստանում դեռահասների ամենամեծ հանրույթն է աշխարհում՝ այնտեղ մոտավորապես 253 միլիոն թինեյջեր է ապրում։

Կորոնավիրուսի համավարակի սկզբից աշխարհում վարակվել է գրեթե 285 մլն մարդ, մահացել է առնվազն 5,5 միլիոնը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱմեն ինչ ավարտված է. ՈւԵՖԱ-ի նախագահը՝ Սուպերլիգայի մասին
Հաջորդ հոդվածըԶինվոր է մահացել