Հոկտեմբերին Բելառուսում Covid-19-ով օրական միջին վարակվածությունը՝ մոտավորապես 2 հազար, ռեկորդային էր համավարակի ողջ ընթացքում։ Ընդ որում, պաշտոնական տվյալներով՝ ամեն օր մահանում է 13-17 մարդ։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ վարակվածների թիվը կարող է տասնյակ անգամներ ավելի լինել։
Չնայած առողջապահության նախարարության ռեկորդային վիճակագրությանը և պատվաստման ցածր ցուցանիշներին՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չեղարկել է դիմակների պարտադիր կրումը և կոչ է արել մարդկանց չստիպել, որ պատվաստվեն։
Դիմակ կրելու ռեժիմը մեղմացնելու՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո բելառուսական ընդդիմությունը որոշել էր կորոնավիրուսի հարցն «իր ձեռքը վերցնել»։ Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը ԵՄ-ին խնդրել էր օգնել պատվաստանյութերի հարցում և երկրի բնակչությանը կոչ էր արել բժշկական դիմակներ կրել և աշխատել տնից շատ ներսուդուրս չանել։
Բելառուսում կատակում են, թե ընդդիմադիրներին հիմա կարելի է հայտնաբերել հանրային վայրերում դիմակ կրելով։
Բողոքի ցույցերից հետո Բելառուսից հեռացած բժիշկները իշխանություններին մեղադրում են ստախոսության և իրականությունը ժխտելու մեջ։
«Covid-19-ի հետ կապված իրավիճակը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս։ Առայժմ ինչ-որ հատուկ պահանջ ներկայացնել չեմ կարող, բայց պետք չէ թուլանալ։ Շատ շնորհակալ եմ ձեզ»,- հայտարարել է Լուկաշենկոն հոկտեմբերի 26-ին հիվանդանոց կատարած այցի ժամանակ։
Նրա կարծիքով՝ Pfizer կամ Moderna պատվաստանյութերը հարկավոր են միայն նրանց, ովքեր «ուզում են անձնագիր ստանալ և մեկնել այնտեղ (Արևմուտք) ու հրահանգներ ստանալ յուրայիններից»։
«Գնացեք ու այնտեղ էլ պատվաստվեք»,- խորհուրդ է տվել Լուկաշենկոն։
Փոխանցում է BBC-ն։
