Բրիտանիայում բժիշկները և գիտնականները կառավարությանը հորդորում են կրկին պարտադիր դարձնել դիմակ դնելը մարդաշատ վայրերում, մարդկանց կոչ անել աշխատել տնից, ինչպես նաև կովիդ-անձնագրեր կիրառել՝ Covid-19-ի նոր դեպքերի չափազանց մեծ թվերի կապակցությամբ։
Չորեքշաբթի Բրիտանիայում արձանագրվել է առնվազն 50 հազար նոր դրական թեստ։
Պարտադիր կերպով դիմակ կրելը և մյուս պաշտպանական միջոցառումներն Անգլիայում ամենուր չեղարկվել էին հուլիսին։ Սակայն կառավարությունն առայժմ մտադիր չէ վերականգնելու սահմանափակող միջոցները։ Նրա կարծիքով՝ պատվաստումը զսպում է վիրուսի գրոհները, և չնայած նոր դեպքերի թիվն աճում է, հոսպիտալացվածների թիվն ու մահացության դեպքերը տարեսկզբից առանձնապես չեն բարձրանում։
Մինչդեռ Բրիտանիայում գիտնականները հետևում են կորոնավիրուսի դելտա-շտամմի նոր մուտացիային՝ AY.4.2։ Հոկտեմբերի առաջին շաբաթում վարակման նոր դեպքերի 6 %-ը բաժին էր ընկնում այդ շտամմին։ Նոր տարբերակը «դասական» դելտա-շտամմից տարբերվում է երկու «փշերով», սակայն գիտնականները չեն կարծում, որ այն օժտված է բարձր վարակելիությամբ կամ անհանգստանալու առիթ է տալիս։
Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին հայտարարել է, որ երկիրը բախվել է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի պայթուցիկ աճի, սակայն կառավարությունը դեռևս չի քննարկել լոքդաուն մտցնելու հնարավորությունը։
Լատվիան երեքշաբթի դարձել է առաջին եվրոպական պետությունը, որտեղ կառավարությունը լոքդաուն է մտցրել։
Փոխանցում է BBC-ն։
