Կորոնավիրուս․ ԱՀԿ-ն վիրուսի նոր տարբերակն անվանել է «Օմիկրոն»

231

«Վատթարագույնը, ինչ մենք տեսել ենք»՝ այսպես են որակել գիտնականները կորոնավիրուսի նոր տարբերակը, որի տարածման մասին հաղորդումներն ստիպել են փակել սահմանները, չեղարկել չվերթները  և փլուզել են շուկան ողջ աշխարհում։

Ժնևում կայացած արտակարգ նիստում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես նոր տարբերակը դասակարգել է որպես VOC («մտահոգության տեղիք տվող տարբերակ») և դրան սեփական անունն է տվել՝ «Օմիկրոն» (O-հունական այբուբենի 15-րդ տառը), ինչպես դա արվել է արդեն «Ալֆայի», «Բետայի» և «Դելտայի» դեպքում։

Ռուսաստանի իշխանությունները ուրբաթ օրը որոշել են երկիր մուտքը սահմանափակել ութ աֆրիկյան պետությունների, Մադագասկարի և Հոնկոնգի քաղաքացիների համար։ Կովիդի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ ասվում է, որ արգելքը մտցվում է նոյեմբերի 28-ի ժամը 00։00-ից և վերաբերում է ՀԱՀ-ին, Բոտսվանային, Լեսոտոյին, Նամիբիային, Զիմբաբվեին, Մոզամբիկին, Էսվաթինիին և Տանզանիային։

«Այս տարբերակում առկա են մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը մտահոգիչ են։ Նախնական տվյալները խոսում են այն մասին, որ այս տարբերակը կրկին վարակվելու բարձր ռիսկ է պարունակում ՝ մյուս VOC-երի համեմատ։ Պարզվել է, որ այս տարբերակը շատ ավելի արագ է տարածվում, քան վարակի նախորդ բռնկումների ժամանակ էր։ Դրանից հետևում է, որ վերջինս տարածվելու մեծ հեռանկարներ ունի»,- ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ։

Ներկա պահին արձանագրվել է վիրուսի նոր տարբերակով վարակվելու առնվազն 100 դեպք, դրանց մեծ մասը՝ հարավաֆրիկյան Գաուտենգ նահանգում, եզակի դեպքեր են արձանագրվել աշխարհի մի քանի այլ երկրներում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Նովակ Ջոկովիչն ու Դուշան Լայովիչը հաղթանակ բերեցին Սերբիային
Հաջորդ հոդվածըՊետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվում