Կորոնավիրուս․ Բրիտանիայում՝ կրկին օրական 50 հազար նոր դեպք

605

Մեծ Բրիտանիայում այս տարվա ամռան կեսերից ի վեր առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսի 50 հազարից ավելի նոր դեպք։

Բժիշկները կառավարությանը կոչ են անում նորից սահմանափակող միջոցառումներ կիրառել, սակայն իշխանությունները պնդում են, որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ բնակչության վակցինացիան արել է իր գործը՝ մահացությունները և հոսպիտալացումները դեռ ծայրահեղ մակարդակի չեն հասել։ Եթե այս տարվա ձմռանը՝ համավարակի երկրորդ ալիքի թեժ պահին, օրական 50-60 հազար վարակակիրների պարագայում որոշ օրեր արձանագրվում էր մոտավորապես հազար մահ, ապա հիմա մահերի թիվը չի գերազանցում 100-200-ը։

Պատվաստման հարցերով բրիտանական կառավարության խորհրդական Ջերեմի Բրաունի խոսքով՝ «այժմ գլխավոր խնդիրն այն է, որ ծանր վիճակում հիվանդանոցում են հայտնվում ու մահանում նրանք, ովքեր չեն պատվաստվել», դրա համար էլ կառավարությունը շարունակում է  բնակչության իմունացումը, ընդ որում՝ ամենախոցելի կատեգորիաներին առաջարկվում է ստանալ երրորդ ներարկումը։ Պատվաստվում են նաև 12-15 տարեկան անչափահասները։

Այժմ Մեծ Բրիտանիայում լրիվ պատվաստում է ստացել բնակչության մոտավորապես 80 %-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 89-րդն է
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը