Կորոնավիրուս․ «Օմիկրոնը» մոլեգնում է աշխարհում

54

Կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակը, ըստ երևույթին, կվարակի Եվրոպայի բնակչության կեսին, նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Այնուհամդերձ, փորձագետները կարծում են, որ առայժմ վաղ է «Օմիկրոնին» վերաբերվել որպես սովորական գրիպ, որով ամեն տարի հիվանդանում է բնակչության զգալի մասը։

Երկուշաբթի Միացյալ Նահանգներում հաղորդել են կորոնավիրուսով վարակվելու 1,35 մլն նոր դեպքի մասին, ինչն աշխարհում օրական ամենաբարձր ցուցանիշն է։ Նախորդ ռեկորդը՝ 1,03 մլն դեպք, արձանագրվել էր հունվարի 3-ին։ Ամեն երկուշաբթի վիճակագրությունը ավելի ու ավելի տագնապալի է դառնում։ Հոսպիտալացված հիվանդների թիվը նույնպես ռեկորդային մակարդակի է հասնում՝ երեք շաբաթվա ընթացքում մեծանալով կրկնակի։

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ակտիվացնում են «Օմիկրոնի» դեմ պայքարի գործողությունները, քաղաքի իշխանությունները բոլոր մասնավոր ընկերությունների աշխատողներին պատվիրել են աշխատել տնից։ Բացառություններ են արվում միայն անհետաձգելի ծառայությունների համար։ Երեքշաբթի Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 170 հազարի՝ 20 անգամ ավելի, քան մեկ ամիս առաջ։

Վերջին շաբաթներին Շվեդիայում նույնպես արձանագրվել է «Օմիկրոնի» տարածման սրընթաց աճ, անցյալ շաբաթ հայտնաբերվել է ռեկորդային՝ 60 հազար դեպք, ընդ որում՝ թեստերի թվով Շվեդիան ետ է մնում եվրոպական շատ երկրներից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գծով տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ ԱՀԿ-ի կանխատեսումների համաձայն՝ Եվրոպայի բնակչության կեսը կվարակվի կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակով առաջիկա վեց-ութ շաբաթվա ընթացքում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. «…վերադառնում ես տարիներ առաջ օծվածդ սաղմոսին»
Հաջորդ հոդվածը«Պուտինի վերջնագրի» շուրջ բանակցությունները տեղափոխվում են ՆԱՏՕ