‘
Կուբայի իշխանությունները որոշել են վերացնել քաղաքացիների կողմից արտասահման մեկնելու համար թույլտվություն ստանալու կարգը: Ինչպես գրում է Gaceta de Cuba-ն, միգրացիոն օրենսդրության մեջ ուղղումներ կատարելուց հետո բավական է, որ կուբացիներն ունենան գործող անձնագիր և վիզա: Բացի այդ, նորամուծության համաձայն՝ ընդունող երկրից հրավեր ստանալու անհրաժեշտություն այլևս չկա: Դրան զուգահեռ՝ մինչև երկու տարի ժամանակով երկարաձգվում է կուբացիների՝ արտասահմանում մնալու ժամկետը (ավելի երկարատև այցելության համար անհրաժեշտ կլինի այդ մասին տեղյակ պահել Կուբայի հյուպատոսարանում): Առայժմ, ճշտում է BBC News-ը, Կուբայի քաղաքացիները կարող են արտասահմանում մնալ 11 ամսից ոչ ավելի:
Միգրացիոն օրենսդրության փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2013 թ. հունվարի 14-ից:
‘