‘
Ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում Կուբայի ներկայությունը և ԱՄՆ կոնգրեսում հանրապետականների դիրքորոշումը կարող են լրջորեն խոչընդոտել Հավանայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, սակայն ապրիլի կեսերին դեսպանատների բացումը «հնարավոր է թվում»: ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք են հայտնել ամերիկա-կուբայական հարաբերությունների հարցերով փորձագետները:
Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է մարտի 16-ին արդեն երրորդ հանդիպումն ունենալ Կուբայի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Մինչ այդ՝ մարտի 15-ին, Կուբա էր մեկնել այդ բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Ռոբերտա Ջեյքոբսոնը: Առաջին հանդիպումը, որի ընթացքում բարձրացվել էին ներգաղթի հարցեր, և որը բավական արդյունավետ էր անցել, կայացել էր Կուբայում, հունվարի 22-ին, երկրորդը՝ Վաշինգտոնում, փետրվարի 27-ին, որտեղ ավելի գործնական հարցեր էին քննարկվել, որոնք վերաբերում էին Հավանայում և Վաշինգտոնում դեսպանատներ բացելուն: Կուբայի ներկայացուցիչները նաև պահանջել են վերացնել առևտրի էմբարգոն և երկիրը հանել ահաբեկչությանը սատարող պետությունների ցանկից: Այդ ցանկը, որում այժմ ընդգրկված են Իրանը, Կուբան, Սիրիան և Սուդանը, կազմվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:
‘