Կուզբասի ածխահորում զոհվել է 52 հոգի, տնօրենը ձերբակալվել է

127

Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ վեց լեռնափրկարարներ, հաղորդում են ռուսաստանյան լրատվական գործակալությունների աղբյուրները։

«Նախնական տվյալներով՝ հանքահորում ոչ մեկը ողջ չի մնացել։ Զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ փրկարարներ»,- զրուցակցի խոսքն է մեջբերել ТАСС-ը։

Ըստ գործակալության տվյալների՝ զոհերի մարմինները հիմնականում դուրս չեն բերվել հանքահորից, դա կարվի այն բանից հետո, երբ ջարմաստիճանը կայունանա, և մեթանի խտությունը նվազի։

Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դմիտրի Դեմեշինը տեղեկացրել է, որ ողբերգական վթարի պատճառը մեթանի պայթյունն է։

Վթարի պահին հանքահորում 285 հանքափոր է եղել, 239-ին հաջողվել է դուրս գալ այնտեղից։

«Ցավոք՝ փրկարարները նույնպես զոհվել են, նրանց չի հերիքել թթվածինը բալոններում։ Նրանց մարմինները հայտնաբերվել են»,- Интерфакс-ին հայտնել է Բելովո քաղաքի շտապօգնության աղբյուրը։

Հինգշաբթի երեկոյան Ռուսաստանի քննչական կոմիտեն տեղեկացրել է հանքահորի 47-ամյա տնօրենին, նրա տեղակալին և տեղամասի պետին ձերբակալելու մասին։ Վթարի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել արտադրական անվտանգության պահանջները խախտելու հոդվածով, ինչը երկու և ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ ԱՀԿ-ն անհանգստացած է ՀԱՀ-ում հայտնաբերված նոր մուտացիայի կապակցությամբ
Հաջորդ հոդվածըՄեսսին շատ ցածր գնահատական է ստացել «Մանչեսթեր Սիթի»-ՊՍԺ խաղում