Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Twitter-ում գրել է, որ իր երկիրը «կեղտոտ ռումբ» չունի, և որ հնարավոր է՝ Ռուսաստանն ինքն է պատրաստվում նման ռումբ կիրառել։
«Ռուսաստանի սուտն այն մասին, թե Ուկրաինան, իբր, մտադիր է «կեղտոտ ռումբ» կիրառել, նույնքան անհեթեթ է, որքանև վտանգավոր է։ Նախ, Ուկրաինան հավատարիմ է միջուկային զենքի չտարածման պայմանագրին․ մենք «կեղտոտ ռումբ» չունենք և չենք էլ պատրաստվում ձեռք բերել։ Երկրորդ՝ ռուսաստանցիները հաճախ են ուրիշներին մեղադրում այն բաների համար, ինչն իրենք են պատրաստվում անել»,- գրել է Կուլեբան։
Ուկրաինայի ԱԳ նախարարն այդպես է արձագանքել լրատվական գործակալությունների այն տեղեկատվությանը, թե կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զանգահարել է իր գործընկերներին՝ առնվազն չորս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին և նրանց հայտնել է «իր մտահոգությունը՝ Ուկրաինայից «կեղտոտ ռումբ» կիրառելու հնարավոր սադրանքի վերաբերյալ»։
«Կեղտոտ ռումբը» պայթուցիկ սարք է, որի կիրառման դեպքում մթնոլորտ են նետվում ռադիոակտիվ նյութեր։
Փոխանցում է BBC-ն: