«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է կատալոնական թիմից իր հեռանալու հանգամանքների եւ գնահատել իրեն փոխարինած Չավիի օրոք թիմի վիճակը։
«Ես կարող եմ գիրք գրել «Բարսելոնայում» իմ աշխատանքի մոտ 1,5 տարվա մասին։ Շատ բան տեղի ունեցավ այդ ընթացքում․ կորոնավիրուս, որոշ ժամանակ ակումբը նախագահ չուներ, մենք չէինք կարողանում նոր խաղացողների ձեռք բերել, հետո մնացինք առանց Մեսիի, տրանսֆերային պատուհանի վերջին օրը հեռացավ Գրիզմանը։ Ինձ շատ էին քննադատում Լյուկ դե Յոնգի տրանսֆերի համար, բայց նրա գոլերի շնորհիվ «Բարսելոնան» 5-6 միավոր է վաստակել։
Ես չեմ համարում, որ ձախողվել եմ, քանի որ թիմի հետ նվաճել եմ Իսպանիայի գավաթը։
Հիմա «Բարսելոնան» նույն վիճակում է, ինչ իմ օրոք։ Դա նշանակում է, որ մարզիչի փոփոխությունը ոչ միշտ է տանում առաջընթացի։ Ճիշտ չէ հասարակ համեմատություններ անելը։ Իհարկե, որոշ դիրքերում նրանք առաջադիմել են, քանի որ ձեռք են բերել 3 նոր հարձակվողի, բայց իմ հեռանալուց մենք առաջատարից հետ էինք 8 միավոր, իսկ հիմա թիմն արդեն 15 միավոր է հետ։ Դա Չավիի մեղքը չէ։ Այդպիսին է իրավիճակը «Բարսելոնայում»։ Պատահական չէ, որ նրանք պարտվում են տանը»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում երկու անգամ պարտվել է «Ռայո Վալիեկանոյին»։ Առաջին շրջանում հոլանդացի Ռոնալդ Կումանի եւ երկրորդ շրջանում իսպանացի Չավիի ղեկավարությամբ կատալոնական թիմը «Ռայո Վալիեկանոյին» պարտվել է նույն հաշվով՝ 0։1։
«Բարսելոնան» Չավիի ղեկավարությամբ նաեւ առաջին անգամ պատմության մեջ երեք անընդմեջ պարտություն կրեց տնային խաղերում մեկ մրցաշրջանի ընթացքում։
Իսպանիայի առաջնության 33 տուրից հետո «Բարսելոնան» 63 միավորով երկրորդն է եւ 15 միավոր հետ է առաջատար «Ռեալից»։ Առաջնության ավարտին մնացել է 5 տուր։
Կումանը 2023թ․ հունվարի 1-ից երկրորդ անգամ կգլխավորի Նիդեռլանդների հավաքականը։