‘
Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը:
Չնայած Երեւանի անսովոր ցուրտ եղանակին` հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել: Նրանց միացան նաև Ազգային ժողովի ոչ իշխանական կուսակցությունների` Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության, «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները:
Հայ ազգային կոնգրեսի անունից Վահագն Խաչատրյանը, ներկայացնելով իր դիտարկումները պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ, նշեց, որ կառավարությունը խաբում է մարդկանց: Նա հիշեցրեց, որ բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել էր, որ արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար կառավարությանն անհրաժեշտ է լրացուցիչ 270 միլիարդ: Ըստ Խաչատրյանի՝ այդ գումարը կառավարությունը մտադիր է ապահովել «կենսաթոշակային բարեփոխումների» շնորհիվ: ՀԱԿ ներկայացուցիչն իր խոսքը եզրափակեց` նշելով, որ ինչքան էլ փորձեն, առանց քաղաքական եզրակացությունների, ենթադրությունների և քայլելի` չի ստացվելու,- «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը կարող է լուծվել միայն քաղաքական մեթոդներով. Սերժ Սարգսյանն իր թիմով պետք է հեռանա, խնդիրը այս է»:
ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ այն տեղեկություններին, թե որոշ խոշոր ձեռնարկություններ պատրաստակամություն են հայտնել սեփական միջոցներից վճարել իրենց աշխատողների կուտակային վճարները: Պատգամավորի խոսքով, սա իշխանությունների կողմից կազմակերպված խաբեություն է, որը նպատակ ունի թուլացնել ընդդեմ կուտակայինի բողոքի ալիքը:
Մանրամասները` տեսանյութում
‘