‘Կուրսանտի սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է’

1173

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի սպանության մեջ կասկածվող Արմեն Վլադիկի Մելքումյանը հունիսի 4-ի երեկոյան կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը: Գործի առնչությամբ նոր մանրամասներ չեն հաղորդվում՝ նախաքննության գաղտնիության սկզբունքից ելնելով:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից հունիսի 1-ին` ժամը 21:40-ի սահմաններում, հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 21:05-ի սահմաններում, պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Սիփան Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է Սիփան Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Արմեն Մելքումյանի և Սիփան Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Սիփան Մովսիսյանի կողմից հնչեցված հայհոյանքից («չկրակողի՛…») անմիջապես հետո, Արմեն Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ եւ պատճառել հրազենային մարմնական վնասվածք:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է այս տարի այցելել Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Գործադուլին միացել են 117 փաստաբաններ’