‘Կստեղծվի Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողով’

620

ՀՀ էկոնոմիակայի նախարարությունը հայտնում է, որ ԵՄ «Արևելյան գործընկերության» Գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նոյեմբերի 27-ին Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել է  Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանը, ուղղակի օդային հաղորդակցության հնարավորություններին, արդյունաբերության և ազատ տնտեսական գոտիների ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող խնդիրներ: Նաև նշվել է, որ ներդրումների և առևտրաշրջանռության ծավալների ավելացման համար կա անհրաժեշտ ներուժ, և փոխադարձ գործարար համաժողովների ու այցերի միջոցով անհրաժեշտ է խորացնել հարաբերությունների զարգացումն այդ ուղղություններով:

Կողմերը կարևորել են Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գաղափարը, քանի որ այն կարևոր ձևաչափ է երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Արդյունքում որոշվել է, որ առաջիկայում երկու երկրների դեսպանությունների միջոցով կմեկնարկեն հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտ ընթացակարգերը՝ համապատասխան իրավական հիմք ապահովելու նպատակով:

Կողմերը անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին և նշել, որ վերջին տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններն այս ոլորտում դինամիկ կերպով զարգացել են և, դրանցով պայմանավորված, մի շարք ուղղություններով էական բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում ողջունվել է նաև ԹՎԻՆՆԻՆԳ ծրագրերում Լիտվայի մասնակցությունը, նշվել է, որ Հայաստանի կողմից ներկայացվելիք հետագա ծրագրերում ևս Լիտվան պատրաստակամություն կդրսևորի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին զարգացումները ՀՀ-ԵՄ հարաբերություններում, մասնավորապես Հայաստանի կողմից Եվրասիական Մաքսային Միության անդամակցության վերաբերյալ որոշումը և շեշտվել է, որ նոր իրավիճակում կողմերը պետք է ձգտեն հնարավորության սահմաններում  զարգացնել հարաբերություններն ու ապահովել ընթացիկ բարեփոխումների շարունակականությունը:

 

Նախորդ հոդվածը‘Գյումրիում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում է վիլնյուսյան գագաթնաժողովը’