Վերջին տարիներին Ռուսաստանում կրճատվել էր հավատացյալների զգացմունքները վիրավորելու վերաբերյալ քրեական գործերի թիվը` վկայում է դատական վիճակագրությունը։
Սակայն այս տարի այդ հոդվածով գործերը հանկարծ զգալի շատացել են, ընդ որում՝ որոշ դեպքերում դատում են նույնիսկ ոչ թե արված արտահայտությունների համար, այլ լուսանկարների։
Աշնանը հետաքննության տակ են հայտնվել երկու կանայք, որոնցից առաջինը բաց կրծքով լուսանկարվել էր Վասիլի Երանելու տաճարի ֆոնին, մյուսի սթրինգով լուսանկարի կադրում երևում էր Իսաակիևյան տաճարը։ Ընդ որում՝ երկու տաճարներն էլ արդեն տարիներ ի վեր թանգարաններ են, այլ ոչ թե գործող եկեղեցիներ։
Ավելին, մեկ այլ լուսանկարի համար, որտեղ զույգը սեքսով է զբաղվում նույն Վասիլի Երանելու տաճարի ֆոնին, մասնակիցները գաղութ են ուղարկվել 10 ամսով։ Սա իրական պատժաժամկետի առաջին դեպքն էր ՔՕ 148 հոդվածով։
«Сова» վերլուծական կենտրոնի (Ռուսաստանում ճանաչվել է արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնող կազմակերպություն) հաշվարկներով՝ 2021 թ․ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար հարուցվել է արդեն 13 գործ, և դա նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ ավելի է։ Կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Վերխովսկին նշել է, որ 2017 թ․ հետո այդ հոդվածը «քնել էր», և ինքը նույնիսկ ենթադրում էր, թե դրա մասին ընդհանրապես կմոռանան։ Բայց հիմա հոդվածն անակնկալ կերպով «արթնացել է»։
Փոխանցում է BBC-ն։
