‘
Այսօր 18.15-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), նրա օգնականը և վարորդը, տեղեկացնում է «Ազատությունը»:
Ըստ աղբյուրի, քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ տուժածներ չկան: Դեպքի վայրում են Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետը, ով գլխավորում է քննչական օպերատիվ խումբը:
«Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 կրակոց: Կրակոցների պահին ավտոմեքենայում եղել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանության փորձը:
Ուշագրավ է, որ 18.15-ին տեղի ունեցած դեպքի առիթով անհապաղ քրեական գործ է հարուցվել: Մինչդեռ, մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով, որի մասնակիցների թվում շրջանառվում է Լիսկայի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը, քրեական գործ է հարուցվել միայն երկու օր անց՝ մայիսի 4-ին: Իսկ երկու երիտասարդներին հասցված ծանր մարմնական վնասվածքների պատճառ դարձած գործով դեռեւս մեղադրյալներ չկան:
‘