‘Կրակի մատն(վ)ած ՀՀԿ. Ո՞վ է Հակոբին մատնել թալանի և Իսրայելին՝ կողոպտիչներին’

2314

ՀՀԿ-ն կարծես համալրել է նզովյալների շարքերը: Ասում են` միայն սնահավատներն են հավատում մարդկային անեծքի ուժին, բայցեւ սա այն դեպքն է, որ արդեն քիչ է մնում` սնահավատ դառնաս: Որովհետեւ էդպիսի պատահականություններ չեն լինում: Կրակն այդ կուսակցությունից՝ ընդհանրապես, եւ դրանց երիտառաջնորդ Կարեն Ավագյանից՝ մասնավորապես, անպակաս է դարձել: Որտեղ նրանք հայտնվում են, միանգամից ասես հենց երկնքից կրակ թափվի: Միայն իրենց նոր առաջնորդ Սերժ Սարգսյանի օրոք երկու անգամ հրդեհվեց ՀՀԿ գրասենյակը, մեկ անգամ ՀՀԿ նախընտրական հանդիպումն ավարտվեց հրդեհով, ավելի ճիշտ՝ այնքան էլ չավարտվեց, որովհետեւ կազմակերպիչները «գլխի չէին ընկել» անգամ, որ հրդեհի բռնկումից հետո համերգը պետք էր ոչ թե շարունակել, այլ` ընդհատել: Եւ ահա հերթական լուրը` ՀՀԿ-ն ուսանողության օրն է նշում մարզահամերգային համալիրում, եւ քիչ անց համալիրում հրդեհ է բռնկվում:

Հաստատ՝ սրանք պատահականություններ չեն արդեն: Սրանք արդեն ասես նախանշաններ լինեն` մի կուսակցության գլխին, որն ամեն օր մի նոր փորձանք է բերում սեփական երկրին, մի կուսակցության, որն իր ամբողջ ներուժը ներդնում է բացառապես երկիրը թալանելու, հարստահարելու ու կեղեքելու համար, մի կուսակցություն, որը մարդուն դիտարկում է բացառապես որպես իր վերարտադրությունն ապահովող գործիք, մի կուսակցություն, որը հաջողությամբ մխտռել է երկրի, բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, որը բառացիորեն սպանել է միջին խավն ու մանր ու միջին բիզնեսը` մարդկանց հասցնելով չքավորության եզրին, մի կուսակցություն, որը սեփական երկիրը աճուրդի է հանել եւ չի ամաչում դրա համար, որը զրոյին է հավասարեցրել երկրի վարկը, նվաստացրել երկիրը, ի վերջո՝ ուժասպառ արել այն ու դատարկել: Եւ մի՞թե նրանք կարծում էին, թե ամեն մի գնացողը լուռ է հեռանում, մի երկու «բարեմաղթանք» չի հղում երկիրն այս օրվան հասցրածների հասցեին: Կամ մի՞թե կարծում էին, թե բառն ու էմոցիան ձգողական ուժ չունեն, եւ կամ թե իրենց ամեն մի վատությունը կկարողանան բարեհաջող թաղել տասը գազ խորությամբ ու բետոնել: Սրանք հասել են իրենց երազած մաքսիմումին` Հանրապետական կուսակցությունն այսօր ասոցացվում է բացառապես հանցանքի եւ չարիքի հետ, իսկ ցանկացած հանցագործություն պատժվում է` անկախ վաղեմության ժամկետից, ցանկացած չարիքի համար վաղ թե ուշ հատուցում պիտի տաս:

Հ.Գ. «Ձեզնից ո՞վ այս բանին ականջ կդնի, ո՞վ ուշադրություն կդարձնի ու կլսի հետագա ժամանակների համար։ Ո՞վ է Հակոբին մատնել թալանի և Իսրայելին՝ կողոպտիչներին։ Չէ՞ որ Տերը, Նա, ում դեմ մեղք էին գործում, ում ճանապարհներով չէին ուզում քայլել և ում օրենքին ականջ չէին դնում։ Ուստի Նա իր ցասումը, բարկությունն ու պատերազմի դաժանությունը թափեց Իսրայելի վրա։ Այն կրակի պես լափեց նրան բոլոր կողմերից, բայց նա ուշադրություն չդարձրեց։ Այն բորբոքվեց նրա դեմ, բայց նա իր սրտին մոտ չընդունեց դա»։ Եսայի, ԽԲ:1–25

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս. «Սա վերջին երկու աշխարհի առաջնությունների չեմպիոնների հանդիպում է»’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները 50-ից ավելի ճայթռուկ են առգրավել’